Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի՝ Վրաստանի դեմ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
Մամլո ասուլիսի սկզբում իսպանացի մասնագետը նշել է, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողություններն էլ ավելի են համախմբել հավաքականին, և ֆուտբոլիստները հասկանում են, որ պարտավոր են հաղթանակ տանել, որպեսզի ուրախություն պարգևեն ազգին:
«Հանդիպմանը մոտեցել ենք բավականին բարդ իրավիճակում, սակայն հավաքականն ավելի քան համախմբված է: Մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները հասկանում են, որ սա այլ հանդիպում է լինելու, որում մենք պարտավոր ենք հաղթել, որպեսզի ուրախացնենք ազգին»,- ասել է Կապառոսը:
Պատասխանելով հավաքական հրավիրված քիչ թվով պաշտպանների և մեծաթիվ կիսապաշտպանների վերաբերյալ հարցին՝ Կապառոսը նշել է, որ ամեն դիրքի համար հավաքականում կա առնվազն 2 ֆուտբոլիստ, և իր տրամադրության տակ գտնվող կիսապաշտպաններից շատերը կարող են հանդես գալ նաև պաշտպանությունում:
«Գևորգ Ղազարյանն այս պահին վերականգնվում է վնասվածքից և չի մասնակցի Վրաստանի դեմ խաղին, սակայն հուսով ենք, որ նա պատրաստ կլինի Էստոնիայի դեմ հանդիպմանը:
Մխիթարյանի ներկայությունը շատ կարևոր է հավաքականի համար: Ցանկացած ակումբ և հավաքական ունի առաջատար, որը թիմը տանում է իր ետևից: Նա այն ֆուտբոլիստն է, որը միայն իր ներկայությամբ կարողանում է մոտիվացնել խաղընկերներին»,- նշել է իսպանացի մասնագետը:
Ասուլիսի վերջում Խոակին Կապառոսը խոսել է Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակցի՝ Վրաստանի հավաքականի մասին:
«Մենք խաղալու ենք շատ լավ թիմի դեմ: Վրաստանի հավաքականում թիմային խաղը բավականին ուժեղ է, քանի որ հավաքականի շատ ֆուտբոլիստներ միասին են հանդես գալիս նաև ակումբներում:
Ես մնում եմ իմ կարծիքին, որ մեր խմբում հավասար պայքար է ծավալվելու: Ցանկացած սխալ կարող է ճակատագրական դառնալ թիմերի համար, այդ իսկ պատճառով մենք պետք է ցուցաբերենք առավելագույն զգուշություն»,- ասել է Կապառոսը:
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրում կընդունի Վրաստանի հավաքականին: Խաղը տեղի կունենա Կատովիցեից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Տիխի քաղաքի քաղաքային ստադիոնում:
Այս մասին տեղեկանում ենք sport.news.am-ից: