fbpx
Կառավարություն

Փաշինյան. «Բանակցային գործընթացում նոր իրավիճակ ունենք»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ հայտարարությանը, որ «Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ» պետք է որոշակի բացատրություններ ստանա: Նա տեղեկացրեց՝ որպես գործընթացում նոր մարդ՝ այս հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկման, նաև համանախագահների մասնակցության քննարկման ժամանակ:

«Արդյո՞ք կարող ենք ասել, որ մենք մեր հարցերի պատասխանը ստացել ենք: Ոչ, քանի որ դրանք ծավալուն հարցեր են, մի քննարկման ընթացքում հնարավոր չէր դրանց պատասխանը ստանալ: Դա նշանակում է, որ հետագայում պետք է քննարկվի, մենք դա ուղիղ տեքստով պատվիրակել ենք մեր ԱԳ նախարարներին: «Հանրությունները խաղաղության նախապատրաստելու» հարցի մասին. արդյո՞ք այն փաստարկների բազան, որի մասին ես խոսել եմ, բերվել է քննարկումների ժամանակ, իհարկե, այո, ամբողջ ծավալով: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հումանիտար ոլորտում իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն խաղաղության գործընթացի դրական ֆոնի համար»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ շատ կարևոր էր, որ համատեղ հայտարարությունների տեքստի մեջ հղում եղավ ոչ միայն Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլև արձանագրվեց, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի և առավել ուժեղացվի: Սա, ըստ վարչապետի, չի նշանակում, որ այս թեմայով ամեն ինչ արել են, բայց այն պրոցեսը, որ սկսվել էր զինադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, վերահաստատվում է:

«Մենք պետք է ըստ անհրաժեշտության քննարկենք՝ էլ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք, ընդհանուր առմամբ՝ ես ուզում եմ ասել, որ նկատում եմ՝ բանակցային գործընթացի մեկնաբանությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններում կան հին, իներցիոն տեքստեր, որ բացարձակապես չեն արտահայտում այն նոր մթնոլորտը, որ ունենք բանակցություններում, իսկ ես կարծում եմ՝ նոր մթնոլորտ, նոր իրավիճակ, նոր ասելիք, նոր հեռանկար ու ըմբռնումներ ունենք բանակցություններում, ու հասկանալի չէ՝ ինչու պիտի ադրբեջանական կողմը խուսափի կամ վախենա այդ ճշմարտություններից»,- նշեց վարչապետը:

Վարչապետն ընդգծեց՝ սրանք չեն նշանակում որևէ կողմի հաղթանակ, իսկ արդյո՞ք Ղարաբաղի ընդգրկումը բանակցային գործընթացում կլինի ադրբեջանական կողմի պարտություն, իհարկե՝ ոչ, չի կարող բանակցությունը լինել արդյունավետ, եթե հակամարտության կարգավորման վրա էական ազդեցություն ունեցող որևէ կողմ դուրս մնա բանակցային գործընթացից:

«Դա արտահայտում է մեր հարգանքը բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների նկատմամբ: Մենք ուզում ենք, որ մեր տեքստերն ու գործերը 100 տոկոսով հակապատասխանեն իրար: Եթե ուզում ենք լուծել հարցը, հասնել խաղաղ կարգավորման, առաջին ամենակարևոր պայմաններից մեկն է՝ անել դրա համար անհրաժեշտ բոլոր նախապատրաստական քայլերը: Պարզապես ուզում եմ, որ բոլորս մնանք այն պայմանավորվածությունների շրջանակում, որ ձեռք ենք բերել մեր հանդիպումների ընթացքում, և այդ շրջանակն, ըստ էության, արձանագրված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԱԳ նախարարների համատեղ հայտարարություններում»,- ասաց Փաշինյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ