Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։
Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Նրանք համաձայնել են, որ անհրաժեշտ է հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին, որը բախվում է Ղարաբաղից հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։
Նրանք ընդգծել են, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանի, միջազգային մոնիտորինգի ներքո, և պետք է ապահովվի նրանց պատմության, մշակույթի և իրավունքների նկատմամբ հարգանքը: Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 800 քառ. կմ) և Ադրբեջանի (86 600 քառ. կմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի՝ մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։
Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորության ապահովման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար։
Նրանք կոչ են արել բացել բոլոր սահմանները, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա սահմանը, ինչպես նաև բացել տարածաշրջանային կապուղիները՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Եվրոպացի առաջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր պահվող անձանց և համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզման և ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար»: