fbpx
Զինված Ուժեր

Փաշինյանը մանրամասնեց, թե ինչ նկատի ունեն պրոֆեսիոնալ բանակ ասելով

Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ նկատի ունի պրոֆեսիոնալ բանակ ասելով: Կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը:

«Իսկ պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ մենք նկատի ունենք, որ զինվորը զինվոր է օրվա մեջ 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր, ամսվա մեջ 30, 31, 28 կամ 29 օր, տարվա մեջ 12 ամիս: Եվ զինվորի գործը, ըստ էության, ռազմավարական հեռանկարում մենք չենք տեսնում սահմանի պահպանությունը: Սահմանի պահպանությունը պետք է վերապահվի սահմանապահ զորքերին, իսկ զինվորը պիտի գտնվի մշտական տեղակայման վայրում իր աշխատանքային ժամին և զբաղվի իր մարտական պատրաստականության շարունակական բարձրացմամբ, և այդ գործընթացը պետք է ունենա շարունակական բնույթ»,- մանրամասնեց վարչապետը:

Անդրադառնալով ժամկետային զինծառայության ժամկետը և կառուցվածքը փոխելու մտադրությանը՝ վարչապետն ընդգծեց, որ որոշել են ավելի մեծ ուշադրություն դարձնել պահեստազորի պատրաստականության բարձրացման աշխատանքներին:

«Մենք նպատակադրված ենք բարձրացնել ոչ միայն աշխատավարձերը, այլև սոցիալական երաշխիքների ամուր, կայուն և վստահելի համակարգ ստեղծել զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար: Այս առումով մեզ համար առանցքային է նաև ռազմական կրթության որակը բարձրացնելը: Հայաստանում ռազմական կրթության որակը պետք է շարունակաբար բարձրանա: Մեր բանակը պետք է շարունակաբար տեխնոլոգիական զարգացման ենթարկվի, ինչը համապատասխան կլինի 21-րդ դարի մարտահրավերներին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ