fbpx
Քաղաքականություն

Փաշինյանը տորպեդահարում է Հայաստանի պետականության հիմքերը

Pashinyan aliyev putin

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը վկայում է նրա անպատասխանատու և կոպիտ վերաբերմունքի մասին Հայաստանի Հանրապետության պետականության և ժողովրդավարական արժեքների հանդեպ, որոնց վրա հիմնված է մեր պետությունը։ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի սկզբունքներն ու արժեքներն են, որ դարձել են մեր պետականության հիմնասյուները՝ ամրացնելով ժողովրդի ինքնիշխանության իրավունքը և ստեղծելով իրավական ու ժողովրդավարական պետություն։

1990 թվականի Անկախության հռչակագիրը Հայաստանի պետականության փաստաթուղթն է, որը հաստատել է Հայաստանի անկախությունը և ամրագրել մեր ինքնության անկյունաքարերը, ներառյալ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը։ Հռչակագիրը նաև հաստատել է այն ժողովրդավարական համակարգը, որը հնարավորություն է տվել Նիկոլ Փաշինյանին՝ որպես ժողովրդի կողմից ընտրված առաջնորդի, ստանձնել վարչապետի պաշտոնը։ Այդ նույն ժողովուրդն է հաստատել այս հռչակագիրը, ընտրել է պետության ապագան և ձգտել ստեղծել անկախ ու ժողովրդավարական երկիր՝ հարգելով միջազգային իրավունքի նորմերը։ Ամբողջ աշխարհն է մեզ ճանաչել և ընդունել Միավորված Ազգերի Կազմակերպություն և այլ կարևորագույն համաշխարհային ինստիտուտներ։

Փաշինյանի կողմից Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերի մասին արված անընդունելի հայտարարությունները խորացնում են մեր պետականության ապագայի նկատմամբ կասկածները։ Վարչապետի խոսքերն ուղղված են ոչ թե ժողովրդի համար իսկապես կարևոր խնդիրներին անդրադառնալու, այլ նրա ղեկավարության ընթացքում կուտակված ձախողումների պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելուն։ Այդ և դրա պես շատ ելույթներ թուլացնում են Հայաստանի Հանրապետության պետական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությունը և վտանգի տակ դնում մեր երկրի ազգային անվտանգության ու ինքնիշխանության հիմքերը։

Նրա անփույթ ու կոպիտ ձևակերպումները, ներառյալ՝ «իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում» արտահայտությունը, ոչ այլ ինչ է, քան փորձ՝ ստվերելու և նսեմացնելու մեր ժողովրդի տասնամյակների պայքարի պատմական և ազգային հաղթանակները։ Նա հակադրում է իրար չհակադրվող գաղափարներ, որպեսզի պատասխանատվությունից փորձի խուսափել։ Դժվար է պատկերացնել, որ վարչապետը՝ որպես ժողովրդի ընտրյալ առաջնորդ, կարող է թույլ տալ իրեն այսպիսի թերագնահատող վերաբերմունք Հայաստանի պետականության հանդեպ։ Մինչդեռ իրականությունը հետևյալն է՝ մեր ժողովրդավարական պետությունը կառուցված է այն նույն Հռչակագրի հիման վրա, որը ամրագրում է Հայաստանի Հանրապետության հիմնարար արժեքներն ու նպատակները։ Այս քայլով նա ժողովրդի ընտրյալից վերջնականապես վերածվում է հայ մարդու ինքնությունը խեղաթյուրողի ու նսեմացնողի, պետությունը անդունդ գլորել փորձողի։

Փաշինյանի այսպիսի հակասական քաղաքական հռետորաբանությունը վկայում է նրա քաղաքական առումով անպատասխանատու մոտեցման մասին, որի նպատակն է իր իշխանության ընթացքում կուտակված խնդիրների մեղքը բարդել ժողովրդի վրա՝ անտեսելով պետականության համար իր պատասխանատվությունը։ Եթե նա չի հասկանում կամ չի ցանկանում ընդունել այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է մեր պետությունը, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է արժանավոր կերպով կառավարել այն։

Ի վերջո, Անկախության հռչակագիրը ոչ միայն ժողովրդի իրավունքն է, այլև նրա պատասխանատվությունն ու երաշխիքը, որ Հայաստանը կշարունակի ապրել որպես ինքնիշխան, ազատ և ժողովրդավարական պետություն։ Փաշինյանի ցանկացած փորձ՝ այս արժեքներին հակասող դիրքորոշում արտահայտելու, կարող է դիտարկվել որպես պետականության ապակայունացման հստակ փորձ, որով պետք է զբաղվեն ազգային անվտանգությամբ զբաղվող գերատեսչությունները։ Իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ քաղաքացիները պետք է զբաղվեն նրան պաշտոնից ազատելու գործով։

Այս իրավիճակում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է հիշել, որ Հայաստանի Հանրապետության հիմնադրման հիմքերն ու արժեքները ավելի ամուր են, քան ցանկացած քաղաքական գործչի խոսքով կամ քաղաքական ծրագրով սահմանափակված գաղափարներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ