fbpx
Իրավական

Փաշինյանն արձագանքել է Քոչարյանի գործով Բակո Սահակյանի երաշխավորությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղյակ է եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար դատարանին դիմելու միջորդության մասին, սակայն նա մտադիր չէ միջամտել այդ հարցին: Ուրբաթ ռուսաստանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Փաշինյանը:

Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ տարբեր տեսակետների առկայությունը չի ազդի Երևանի և Ստեփանակերտի հարաբերությունների վրա, պարոն Փաշինյանը զգուշորեն է պատասխանել:

Քաղաքական գործչի խոսքով՝ նա կարող է բարոյական տեսանկյունից հասկանալ պարոն Սահակյանին, սակայն քաղաքական տեսանկյունից որոշ հարցեր են առաջանում:

«Օրինակ, եթե Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դատարանում որևէ գործ լինի, ինչպես նրանք կվերաբերվեին, եթե ես էլ նույն կերպ փորձեի որևէ մեկի համար երաշխավորել: Եվ պետք է հստակեցնել՝ որ հարցում են նրանք աջակցում Ռոբերտ Քոչարյանին»,— ասել է վարչապետը:

Նա պարզաբանել է, որ իմացել է Բակո Սահակյանի գալու մասին և անձնական զրույցում իր կարծիքը հայտնել նրա արարքի մասին: Սակայն, թե ինչպիսին է այն եղել, պարոն Փաշինյանը հրաժարվել է բացահայտել:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատաքննությունը հայ հասարակությունում լայն աջակցություն ունի, իսկ ոմանք մեղադրյալի աթոռին կցանկանային տեսնել նաև ևս մեկ նախագահի՝ Սերժ Սարգսյանին:

«Ես անկեղծ կասեմ. մարդիկ ինձ ուղղակիորեն քննադատում են նրա համար, որ Սերժ Սարգսյանը մինչև հիմա ազատության մեջ է: Պարզապես մարդիկ չէ, այլ ԶԼՄ-ներ, հասարակական կազմակերպություններ»:

Սակայն պարոն Փաշինյանը հիշեցրել է, որ նման հարցերը որոշում են քննչական մարմինները և ոչ քաղաքական նկատառումներով: Հակառակ դեպքում, ըստ վարչապետի, «Սերժ Սարգսյանը վաղուց բանտում կլիներ»:

Փաշինյանի հետ հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են ИТАР ТАСС, РИА Новости, Интерфакс, Lenta ru լրատվական գործակալությունների, Эхо Москвы, Комсомольская правда ռադիոկայանների, Коммерсант, Известия, Московский комсомолец, Независимая газета թերթերի և Russia Today հեռուստաընկերության լրագրողները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ