fbpx
Աշխարհ

Փայլանի պատասխանը Էրդողանի խոսնակի հայտարարությանը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը քննադատած Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին:

Ինչպես հայտնի էր, Քալընը հայտարարել էր. «այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ են»։

Արձագանքելով այդ հայտարարությանը՝ Փայլանը երկու գրառում է արել Twitter-ում։ Առաջին գրառման մեջ հարց է հղել Էրդողանի խոսնակին.

«Եթե Հայոց ցեղասպանությունը քաղաքական սուտ է, ապա ինչո՞ւ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 5 տարի շարունակ ապրիլի 24-ին հայ ժողովրդին ցավակցական ուղերձ հղում», հայտնում է Ermenihaber-ը:

Հաջորդ գրառմամբ էլ Փայլանը հետևյալ միտքն է հայտնել.

«Պետության որոշմամբ այս հողերից աքսորված և կոտորված հայ ժողովրդի մեծ ողբերգության հետ Թուրքիան չի առերեսվել և անվանում չի տվել… Տեղի ունեցածը նախևառաջ Թուրքիայի մեջլիսի և նախագահի խնդիրը պետք է լինի, պետք է առերեսվել և անուն տալ տեղի ունեցածին… 104 տարի է սպասում ենք արդարության»:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։ Մակրոնը նշել է, որ իր այս նախաձեռնությունը կսկսի գործել հաջորդ ապրիլի 24-ից։

«Ֆրանսիան առաջին հերթին այն երկիրն է, որը գիտի, ինչպես նայել պատմությանը, որն առաջիններից մեկը դատապարտեց 1915-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որը երկար պայքարից հետո 2001-ին օրենքով ճանաչեց: Ապրիլի 24-ը կդառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,-ասել էր Մակրոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ