fbpx
Աշխարհ

Պայթյուն է եղել Թուրքիայի ռեստորաններից մեկում. կա 35 վիրավոր

Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում կենցաղային գազի պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 35-ը։

Այս մասին հայտնել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկային։

«Այսօր պայթյուն է տեղի ունեցել Իզմիրի Թորբալի թաղամասում գտնվող ռեստորանում, որի աղբյուրը, ըստ նախնական տվյալների, եղել է արդյունաբերական գազի բալոնը։ Ցավոք սրտի, պայթյունի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 35 քաղաքացի։ Կատարվում է հետաքննություն»,- գրել է նախարարը «X»-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ Թորբալի շրջանի քաղաքապետարանի ղեկավար Օվյունչ Դեմիրը NTV-ի եթերում ասել է, որ «գազի պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել, որոնցից 10-ի վիճակը ծանր է»։ Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ, ոմանք կարողացել են ինքնուրույն հասնել բուժհաստատություններ՝ չսպասելով շտապօգնության։

Պայթյունը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 15:00-ին (ՀՀ ժամանակով՝ 16:00) բնակելի շենքի առաջին հարկում, որտեղ գտնվել են ռեստորանը և հացաբուլկեղենի արտադրամասը։ Պայթյունի հետևանքով լրջորեն վնասվել են ինչպես առաջին հարկի տարածքը, այնպես էլ շենքի ճակատային մասը։ Վնասվել են վերևում գտնվող բնակարանները, կոտրվել են նաև դիմացի շենքերի ապակիները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ