ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել ՊԵԿ-ի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև արդյունավետ փոխգործակցությունը: Այն հնարավորություն կընձեռի նպաստել ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորմանը, ինչպես նաև աջակցել հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ հուշագիրը կարևոր բովանդակային փաստաթուղթ է և այն հնարավորություն կստեղծի ավելի սերտ հարաբերություններ ապահովել համալսարանի հետ: «Մեծ կարևորություն ենք տալիս կրթությանը, որովհետև այն կադրերը, որոնք գալիս են մեր համակարգ շատ կարևոր է, որ գան որոշակի իմացությամբ: Ճիշտ է լինում, երբ այդ իմացությունը չի սահմանափակվում ակադեմիական գիտելիքներով, այլ ներառում է որոշակի փորձառություն»,- նշել է Դավիթ Անանյանը:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ տնտեսագիտական համալսարանը ակտիվ բարեփոխումների փուլում է, վերանայվում են կրթական ծրագրերը, բարելավվում փորձառությունների կազմակերպման գործընթացը: Այս համատեքստում, բուհի ղեկավարի խոսքով, համալսարանը կապեր է հաստատում մասնավոր և պետական հատվածի գործատուների հետ՝ իր կողմից մատուցվող կրթական ծառայություններում գործատուների պահանջները ներառելու, ինչպես նաև լավագույն մասնագետներին համալսարան դասավանդման հրավիրելու նպատակով:
Հուշագրի ստորագրման արդյունքում՝ ուսանողները հնարավորություն կունենան ներգրավվել ՊԵԿ-ի աշխատանքներին, ինչն էլ կնպաստի նրանց գործնական հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը և զարգացմանը: Ուսանողներին կտրամադրվի կոմիտեի տեղակատվական համակարգերի թեստային միջավայրում հասանելիություն և գործիք՝ համապատասխան աշխատանքների իրականացման ու գնահատման նպատակով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում անցկացնել համատեղ ուսումնասիրություններ, կազմակերպել գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ, ապահովել փորձի փոխանակում, այդ թվում՝ մասնագիտական վերապատրաստում:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին