Պենտագոնը հայտարարել է, որ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում «կշտապի» Ուկրաինային Patriot զենիթային հրթիռներ և հրետանային զինամթերք մատակարարել:
ԱՄՆ-ն այդ նպատակների համար կծախսի 6 միլիարդ դոլար, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Միաժամանակ նա նշել է, որ հրթիռներ արձակելու Patriot համակարգեր չեն մատակարարվելու։
6 միլիարդ դոլարը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից չորեքշաբթի ստորագրված 60 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթի մի մասն է, որը ներառում է նաև 1 միլիարդ դոլարի շտապ օգնություն, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Օսթինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պարտավորվում է կատարել մինչև օրս անվտանգության օգնության իր ամենամեծ փաթեթը և «անհապաղ կսկսի» բեռներն Ուկրաինա փոխադրելու աշխատանքները:
Դրանք կներառեն հակաօդային պաշտպանության զինամթերք, հակադրոնային համակարգեր և հրետանային զինամթերք, բայց ոչ Patriot հրթիռային համակարգեր:
Նա հավելել է, որ վստահ է, որ մոտ ապագայում Կիևին ավելի շատ հրթիռային համակարգեր կտրամադրվեն։ Ըստ նրա, բանակցություններ են ընթանում եվրոպացի գործընկերների հետ՝ լրացուցիչ հնարավորություններ տրամադրելու համար։