Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոն ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ հայրենիք արտահանձնման հարցապնդմամբ, ասվում է Պերուի գլխավոր դատախազության հրապարակած թվիթում: Այս մասին տեղեկացնում է Голос Америки-ն։
Տոլեդոն, որը երկիրը ղեկավարել է 2001-2006 թվականներին, Պերուից փախել էր այն բանից հետո, երբ արդարադատության մարմինները նրան մեղադրել էին բրազիլական շինարարական Odebrecht ընկերությունից 20 մլն դոլար կաշառք ստանալու մեջ։ Կաշառքի դիմաց Տոլեդոն, քննության կարծիքով, օգնել էր ընկերությանը ստանալ պետպատվերով աշխատելու կապալ։ Պերուի իշխանությունները խնդրել էին ԱՄՆ-ին արտահանձնել նախկին նախագահին դեռ մեկ տարի առաջ. 73-ամյա Տոլեդոն հերքում է բոլոր մեղադրանքները։
Պերուի գլխավոր դատախազության հայտարարությունում նշվում է. «Նախկին նախագահն առաջին անգամ կկանգնի ԱՄՆ դատական մարնինների առջև երկիր նրան վերադարձնելու վարույթի շրջանակում»:
Պերուում վերջին մի քանի տարիներին տեղի է ունեցել միանգամից մի քանի աղմկալի ձերբակալություն՝ կապված կոռուպցիայի հետ, և այդ բոլոր դեպքերում կաշառք բարձրաստիճան պաշտոնյաներին առաջարկել են բրազիլական Odebrecht-ի ղեկավարները։ Նախկին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին նույնպես ձերբակալվել է բրազիլացիներից կաշառք ստանալու պատճառով։
Պերուի ևս մեկ նախագահ՝ Ալան Գարսիան, ինքնասպան է եղել, որպեսզի խուսափի ձերբակալությունից։ Դա տեղի ունեցավ ապրիլին։ Գարսիայի դեմ մեղադրանքները նույնպես առաջադրվել էին Odebrecht-ի գործի շրջանակում։