fbpx
Իրավական

Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. Դատախազություն

ՀՀ դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության դեպքերի վերաբերյալ: Այս մասին գրում է դատախազությունը։

«Մասնավորապես, 2022 թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքների մասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ի կողմից պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ն, 2017 թ. հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության աշխատակիցների հետ, իսկ 2022 թ. հունիսի 7-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ՀՀ-ից հեռանալուց հետո օգոստոսի 7-ին տեսաուղերձով դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ հայտարարել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և ցանկանում է ստանալ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն: Այդ կերպ կատարվել Է պետական դավաճանություն, որն արտահայտվել են թշնամու կողմն անցնելով, լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Բացի այդ, 2022 թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքների մասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ի կողմից պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ն, բնակվելով Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում և հավաքագրվելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից, 2022 թ. ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած հրապարակումներում բացահայտորեն հանդես է եկել հակահայկական հայտարարություններով, որոնցում գովաբանել է ադրբեջանական իշխանություններին, նրանց վարած քաղաքականությունը, քննադատել 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի գործողությունները, ինչպես նաև դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել ու աշխատել Ստեփանակերտ քաղաքում՝ Ադրբեջանի Հանրապետության իրավազորության ներքո: Այդ կերպ նա առերևույթ կատարել է պետական դավաճանություն, որն արտահայտվել է թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 10.08.2022 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի (պետական դավաճանությունը) 1-ին մասով և 424-րդ հոդվածի (լրտեսությունը) 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ:

Իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ նշված անձանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ