Պետական պարտքի դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են։ Չունենք չկանխատեսված կամ անսպասելի բացասական փոփոխություն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Տարվա ընթացքում արձանագրվում է և՛ աճ, և՛ նվազում։ Կարող է մի ամիս լինել աճի, մի ամիս նվազման միտում, բայց, որպես կանոն, պետական պարտքի վերաբերյալ դատողություն արվում է տարեկան արդյունքներով, որովհետև դա է թույլ տալիս գնահատել՝ պարտքի բեռն ինչպիսի զարգացում ունեցավ։ Պարտքի զարգացման տեսակետից տարեկան մեր կանխատեսումները թույլ են տալիս պարտքի բեռի չկառավարվող աճի մասին չխոսել»,- ասաց Ջանջուղազյանը:
Նախարարը ընդգծեց՝ ենթադրվում է, որ պարտքն անվանական արտահայտությամբ կաճի, ինչը, սակայն, չի նշանակում, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճ է կանխատեսվում: