Լարսի անցակետում Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունն արդեն ներկայացվել է կառավարություն: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ հիմա տարբեր գերատեսչությունների կարծիքներն են հավաքում, արդեն ունեն ԱԳՆ-ի տեսակետը։
«Կարծում եմ, որ այս ամիս՝ հունվարին, նշանակում կունենանք և փետրվարից արդեն Լարսի անցակետում կունենանք մեր ներկայացուցիչը»,-հավելեց նա։
Դավիթ Անանյանը նշեց, որ գործնականում ռուս գործընկերների հետ որևէ խնդիր չունեն։
«Ուղղակի ամեն դեպքի համար համագործակցության տարբեր մակարդակներում մենք կարողանում ենք մեր գործընկերների հետ աշխատել և բոլոր խնդիրները կարգավորել: Առանց ներկայացուցչի, դա ավելի շատ ջանք է պահանջում
Գործնականում եղել են մի քանի դեպքեր, որոնց մենք միջամտել ենք և ի պատիվ մեր ռուս գործընկերների, արագ լուծումներ են տրվել դրանց՝ լինի կասկած, որ հերքվել է, լինի ժամկետի խնդիր, կամ փչացող ապրանք: Մենք որևէ խնդիր չունենք Լարսի անցակետում»,-ասաց ՊԵԿ նախագահը:
