ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է լինեն էներգախնայող:
Նախագծին կողմ քվեարկեց 113 պատգամավոր, ձեռնպահ՝ 2-ը:
ԱԺ նիստում «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը ներկայացրել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Այս նախագծով օրենսդրորեն ամրագրվում է, որ պետության կարիքների ապահովման նպատակով այսուհետ ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները: