fbpx
Տնտեսություն

Պետությունն իր կողմից ինչ կարող է անում է, որ Թեղուտի հանքը գործարկվի

2018 թվականի տարեսկզբին Թեղուտի հանքավայրն ընդամենը երեք տարվա գործունեությունից հետո փակվեց, 1200 աշխատողների մեծ մասը մնաց գործազուրկ։ Սկզբում ղեկավարները հայտարարեցին, որ աշխատանքի դադարը ժամանակավոր է՝ ընդամենը պլանային վերանորոգումների պատճառով: Հետո արդեն պարզ դարձավ, որ հանքը շահագործող «Վալլեքս» ընկերության շուրջ 380 միլիոն դոլարի պարտքի պատճառով հանքն անցել է ռուսական «ՎՏԲ» բանկին։

Հանքի սեփականատեր դարձած «ՎՏԲ» բանկը համաձայնության էր եկել Ռուսաստանում իր հզորությամբ երկրորդ «Ռուսական պղնձաձուլական ընկերության» հետ: Ընկերության, «ՎՏԲ» բանկի, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանի և կառավարության միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ հանքը վերագործարկելու մասին։

Վերջին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կառավարությունում տեղի ունեցած քննարկումներից հետո գործի նախաձեռնողները` այն ժամանակ ՀՀ վարչապետի օգնական, ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ Ալավերդի քաղաքում հանդիպեցին հանքավայրի արդեն գործազուրկ դարձած աշխատակիցներին և վստահեցրին, որ հանքը դարձյալ վերագործարկվելու է:

Այսօր սոցցանցում տեղեկություն տարածվեց, թե դեռ չի գտնվել մի մարդ կամ կազմակերպություն, որը պատրաստ կլինի 300 մլն դոլար ներդնելու և վերաշահագործարկելու հանքը: Իսկ «ՎՏԲ»-ն էլ այս հարցով առանձնապես մտահոգված չէ:

«Պետությունը իր կողմից ինչ կարող է, անում է»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ չկան մարդիկ, ովքեր կցանկանան ներդրում կատարել Թեղուտի հանքի վերագործարկման համար, այնինչ նոյեմբերին` նախընտրական շրջանում, Արեն Մկրտչյանը ներդրողների հետ այցելել էր այնտեղ և խոսվել էր, որ հանքը կվերագործարկվի, Սիսեռյանը պատասխանեց. «Ճիշտ չի լինի, որ մանրամասներ փոխանցեմ, որովհետև հիմա շատ ակտիվ փուլի մեջ ենք: Բայց կարող եմ ասել, որ ինչ ճանապարհով գնում ենք, եթե հաջողենք և կողմերի միջեւ մեր միջնորդությամբ համաձայնություն լինի, կարծում եմ, մեծ հավանականություն կա, որ հանքը կաշխատի»:

Մեր հարցին, թե ո՞վ է ներդրում կատարողը, Սիսեռյանը պատասխանեց. «Չէ, կներեք, կոռեկտ չի լինի: Որովհետև պետք է արդեն պայմանավորվածություն լինի, ստորագրություն լինի հետո: Եթե լուծում եղավ, այս կամ այն կերպ աշխատելու է հանքը»:

Մեր հարցին՝ հստակ ժամկետներ կա՞ն, թե երբ կաշխատի հանքը, Սիսեռյանը պատասխանեց. «Ես 4 ամիս առաջ ասում էի՝ շատ մոտ է: Արդեն 4 ամիս անցավ, չեմ ուզում էլի նույն տպավորությունը մարդկանց մոտ լինի, որովհետև իրականում մենք միջնորդ ենք, բայց իրավունք չունենք միջամտելու, ճնշելու կամ համոզելու, որ որոշում կայացնեն: Դրա համար կարող եմ ասել, որ իրականում մեզնից կախված չէ: Պետությունը իր կողմից ինչ կարող է, անում է եւ երկու կողմերին էլ օգնում է` բերելով մեկ սեղանի շուրջ, որպեսզի մարդիկ համաձայնության գան և աշխատեն»:

Մեր հարցին, թե նախընտրական շրջանում ռուսաստանահայ գործարար էր այցելել հանք, արդյո՞ք նույն մարդու հետ են բանակցություններ տեղի ունենում, Սիսեռյանը պատասխանեց. «Սխալ է անուն տալը, որովհետեւ մարդը հիմա ուսումնասիրում է, նայում է: Եթե անունը տամ, մարդիկ զանգելու են, փնտրելու են: Միգուցե չի ուզում: Մենք ամեն դեպքում պայմանավորվել ենք, որ այս ամեն ինչի ավարտից հետո գնանք և պաշտոնական քննարկենք»:

Մեր հարցին, թե մե՞կ մարդ է հետաքրքրված, Սիսեռյանը պատասխանեց. «Ոչ, տարբեր մարդիկ կան հետաքրքրվող: Այս ամիսների ընթացքում էլ շատ մարդիկ եկան գնացին: Հիմնականը կախված է նաև «Վալլեքս»-ի և ՎՏԲ-ի միջեւ բանակցություններից: Կան լուրջ ներդրողներ: Այս մարդը, որը եկավ եւ նաև մյուս մարդը, որ եկավ, բավականին լուրջ մարդիկ էին և իրենց ծրագիրը բավական երկարաժամկետ և հեռանկար ունեցող ծրագիր է»:

Աղբյուր՝ https://armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ