Միացե՛ք հոկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ՝ իրականացնելու ցեղասպան Ալիևին պատժելու պահանջով պիկետին։
Մենք միավորվում ենք՝ պահանջելու պատիժ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի եւ նրա հանցակիցների նկատմամբ վերջիններիս կողմից շարունակվող ցեղասպանական քաղաքականության համար, որն արմատապես կապված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ:
2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմն Արցախի դեմ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Բերձորի միջանցքի արգելափակումը, 2023 թվականի հուլիսի 15-ից Արցախի ամբողջական շրջափակումը, սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած զինված ագրեսիան, ինչպես նաեւ դրան հաջորդած Արցախի օկուպացիան և հայաթափումը բռնի ուժի սպառնալիքի ներքո և ամբողջ ընթացքում խաղաղ բնակիչների առևանգումները, պատանդառությունները, հոգեբանական ահաբեկչությունները, բնականոն կենսագործունեության հետ անհամատեղելի պայմանների արհեստական ստեղծումը բացահայտում են մարդկության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների շղթան, որի միջազգային իրավական եզրույթը կոչվում է «ցեղասպանություն»։
Տվյալ պարագայում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, իր հովանավորներն ու հանցակիցները հայ ժողովրդի նկատմամբ վարում են ցեղասպան քաղաքականություն։
Հետևաբար մեր բողոքի միջոցառումը ուղերձ է հղում Միավորված Ազգերի Կազմակերպությանն ու անդամ երկրներին դիմել կոնկրետ քայլերի Ադրբեջանի ցեղասպան գործողությունները աննկատ չթողնելու, չարդարացնելու եւ պատժելու նպատակներով։ Մենք պահանջում ենք արդարություն զոհերի համար և պատիժ ալիևյան ռեժիմի, նրա հովանավորների և հանցակիցների գործած քրեորեն պատժելի մեղքերի համար։
Ցեղասպանությունը արյունով կամրջում է անցյալն ու ներկան՝ հիշեցնելով մեզ, որ մարդկությունը ուշացնում է շրջադարձ կատարել՝ դատապարտելով և պատժելով ցեղասպաններին։ Աշխարհի յուրաքանչյուր անկյուն, այդ թվում՝ Արցախը, պետք է զերծ լինի ցեղասպանության սարսափներից:
Մենք հաղորդում ենք աշխարհին՝ եկեք միասին բեկենք պատմության այս մահաբեր ընթացքը։ «Այլևս երբեք»-ը պետք է դառնա «հիմա և այսուհետ»՝ պատիժ Ալիևին, Ազատություն եւ Խաղաղություն հայերին։
Միացե՛ք պահանջին հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին ՄԱԿ հայաստանյան գրասենյակի դիմաց։