fbpx
Քաղաքականություն

Հայաստանի փոխվարչապետն ընդունել է Լիտվայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ոստիկանապետ Ռենատաս Պոժելային։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

«Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն և ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

Բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ այն նաև ամուր հիմք է ստեղծում տարբեր ոլորտներում երկկողմ և բազմակողմ ձևաչափով սերտ համագործակցելու համար: Որպես փոխգործակցության զգալի ներուժ ունեցող ուղղություն՝ Համբարձում Մաթևոսյանն առանձնացրել է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքները և այդ համատեքստում կարևորել լիտվացի գործընկերների փորձն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։

Փոխվարչապետը կարևորել է նաև այսօր ստորագրված Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, որը հնարավորություն կընձեռնի ԵՄ միջազգային համագործակցության գործիքների օգտագործմամբ աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին և հատկապես՝ նոր Պարեկային ծառայությանը:

Լիտվայի ոստիկանապետ Ռենատաս Պոժելան շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ջերմ ընդունելության համար, կարևորել հուշագրի կնքմամբ իրավապահ երկու կառույցների միջև առկա հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելը և Հայաստանի հետ իրենց լավագույն փորձով կիսվելու պատրաստակամություն է հայտնել», – ասված է կառավարության հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ