ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 6-ին հրավիրված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ՀՀ Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:
Փաստաթղթով ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է միջոցներ ձեռնարկել նախատեսված պաշտպանության ենթակա անձանց կյանքը, առողջությունը և կամ գույքը պաշտպանելու ուղղությամբ: Ոստիկանության կողմից պաշտպանության միջոցները կիրականացվեն Կառավարության սահմանված կարգով:
Քրեական դատավարության մասնակից չհանդիսացող և այլ օրենքներով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության և կամ գույքի պաշտպանությունն ապահովելիս ոստիկանությունը պարտավոր կլինի իրականացնել տվյալ անձի բնակարանի, գույքի և նրա անձնական պահպանությունը, պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը սարքավորել հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով, փոխել նրա բնակարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը:
Մեկ այլ դրույթով նախատեսվում է պաշտպանվող անձին տրամադրել անհատական պաշտպանության միջոցներ և հայտնել սպասվող վտանգի մասին, ժամանակավոր կամ մշտապես նրան փոխադրել բնակության այլ վայր:
Օրինագծի ընդունումը հարակից ելույթում հրատապ է համարել Արմեն Խաչատրյանը: Այն նախատեսվում է քննարկել հունիսի 7-ին գումարվելիք ՀՀ ԱԺ արտահերթ նիստում: