Կառավարության լրատվության ծառայությունը տեղեկացնում է, երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանում նախաձեռնված բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար: Փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ կառուցողական մթնոլորտում ստեղծված համագործակցությունը՝ նշելով ծրագրերի շրջանակներում փորձագիտական ներուժի կիրառման կարևորությունը Հայաստանի ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում:
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, իր խորին շնորհակալությունն է հայտնել բարձր ընդունելություն կազմակերպելու համար և նշել.
«Միացյալ Նահանգների կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին և հակակոռուպցիոն օրակարգին։ ԱՄՆ աջակցության այս տարվա 40% ավելացմամբ՝ մենք պատրաստ ենք օգնել այն ծրագրերի իրականացմանը, որոնք բխում են բարեփոխումների մասով Հայաստանի կառավարության սահմանած առաջնահերթություններից»։
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են հատկապես արդարադատության և ոստիկանության ոլորտներում ակնկալվող բարեփոխումները, անդրադարձել առկա խնդիրներին և նյութատեխնիկական հագեցվածության հետ մեկտեղ գաղափարական բարեփոխումների անհրաժեշտությանը: