Իրավական

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների վրա համաներումը չի կիրառվի

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալների վրա համաներումը չի կիրառվի, քանի որ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժողներից մեկը առարկել է համաներումը կիրառելու դեմ. այս դեպքում առարկողը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում իրավաբան Հարութ Ակլունցը պարզաբանեց, որ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձություններին ենթադրաբար մասնակցած անձանց համաներման հարցով առանձին դրույթում հստակ նշված է, որ այն անձինք, ովքեր պատանդառված են եղել, ինչպես նաև կրել են ֆիզիկական վնաս, պետք է չառարկեն, որպեսզի իրադարձություններին մասնակցած անձանց նկատմամբ համաներումը կիրառվի: «Այսինքն` եթե խոսքը վերաբերվում է ՊՊԾ գունդը գրաված անձանց, ապա անհրաժեշտ էր այդ օրերին պատանդառված անձանց կամարտահայտությունը, որպեսզի նրանց նկատմամբ համաներումը կիրառվեր»,- ասաց Ակլունցը: Այս դեպքում Օսիպյանը, կամարտահայտվելու իր իրավունքը օգտագործելով, դեմ արտահայտվեց:

Հարցին` եթե մյուս տուժողները չառարկեն, հնարավոր է, որ համաներումը, ամեն դեպքում տարածվի այդ անձանց նկատմամբ, փաստաբանը պատասխանեց. «Եթե փորձենք այս նորմի մեկնաբանությունը տալ, ապա կտեսնենք, որ նորմը որևէ բացառություն չի նախատեսում: Այսպիսով` իրավական նորմը որպես այդպիսին այլընտրանք չի թողել, և եթե տուժողը առարկում է, ապա համաներման օրենքը չի տարածվում»,- եզրափակեց Ակլունցը:

Նոյեմբերի 2-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար (այն ժամանակ պաշտոնակատար) Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով համաներումը նաև ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների վրա տարածելու որոշմանը, նշեց, որ նախատեսվել է նաև սպանվածների, պատանդառվածների և մարմնական վնաս կրած անձանց իրավունքների պաշտպանությունը:

«Մենք չենք կարող անտեսել նաև նրանց իրավունքները: Այս համաներման ակտը այդպիսի հավասարակշռություններով, այդպիսի տարբերակված մոտեցումների կամայականությունների կամ անարդար ընկալվելու բազմաթիվ երաշխիքներ է պարունակում՝ ի տարբերություն շատ այլ համաներման ակտերի: Մենք փորձել ենք սա մաքսիմալ հավասարակշռել»,- ընդգծել էր Զեյնալյանը:

2018 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենք` Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, ըստ որի 2016 թվականի հուլիսի 17-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները:

Փետրվարի 6-ին դատական նիստին Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ պատանդառված էր և ֆիզիկական վնաս էր կրել, դեմ էր արտահայտվել ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ