Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի 2025 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 94-Լ հրամանով հաստատվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։ Այս որոշումը կարևոր քայլ է քաղհասարակության հետ համագործակցության ամրապնդման և կառուցողական երկխոսության զարգացման ուղղությամբ։
Համաձայն ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ խորհրդի կազմում ընդգրկվել են Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև Փրկարար ծառայության ոլորտներում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա փորձառություն ունեցող հասարակական կազմակերպություններ։ Այս կազմակերպությունները նախկինում իրականացրել են տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են եղել նշված ոլորտների զարգացմանը։
Հասարակական խորհրդի գործունեությունը նպատակ ունի բարձրացնել ՆԳ նախարարության գործունեության արդյունավետությունը՝ ախտորոշելով և լուծումներ առաջարկելով համակարգում առկա խնդիրներին։
Նշենք, որ ՀՀ օրենսդրությամբ նախարարություններին կից հասարակական խորհուրդները պետք է ձևավորված լինեին վաղուց։ Սակայն, հատկապես վերջին շրջանում այդ մարմինների ակտիվ ձևավորման գործընթացը ենթադրությունների տեղիք է տալիս, որ այդ ամենը պայմանավորված է 2026 թ․ համապետական ընտրություններով։

