Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ վերադառնալ «Բարսելոնա», դա իմ տունն է, բայց տարբեր նախագծեր, որոնցում ես աշխատում եմ, թույլ չեն տա ինձ լիովին նվիրված լինել ակումբին։ Այս մասին ասել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան և ավագ Կարլես Պույոլը՝ հայտնելով, որ որոշել է չվերադառնալ ակումբ մարզական տնօրենի կարգավիճակով:
«Վերջին շաբաթներին լուրեր էին հրապարակվում «Բարսելոնա» վերադառնալուս հնարավորության մասին՝ որպես մարզական տնօրեն։ Զգում եմ, որ պարտավոր եմ բոլոր երկրպագուներին հայտնել, որ մանրակրկիտ մտածելուց հետո որոշել եմ չընդունել ակումբի առաջարկը։
Դա հեշտ որոշում չէր, չէ որ ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ վերադառնալ «Բարսելոնա», դա իմ տունն է, բայց տարբեր նախագծեր, որոնցում ես աշխատում եմ, թույլ չեն տա ինձ լիովին նվիրված լինել ակումբին, ինչը պահանջում է այդ պաշտոնը։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին նման պատասխանատու պաշտոնի առաջարկի կապակցությամբ ինձ ցուցաբերած վստահության համար։ Կեցցե՛ «Բարսելոնան»,-գրել է Պույոլը թվիթերյան էջում։