fbpx
Առողջապահություն

Պղպեղի օգտակար հատկությունները

Պղպեղի մեջ որքան շատ է լինում կապսացինի պարունակությունը, այնքան կծու է պղպեղը։ Կապսացինը հակաբորբոքային նյութ է, որը կանխում է քաղցկեղածին բջիջների առաջացումը, պայքարում է ստամոքսի և տասներկումատնյա աղիի խոց առաջացնող մանրէների դեմ, օգտակար է բրոնխիտի դեպքում: Սակայն կապսացինի չարաշահումը նաև կարող է գրգռել և աղեստամոքսային տրակտի խանգարումներ առաջացնել:

Բանջարեղենի պղպեղները, որոնց նաև անվանում են բուլղարական, բավական տարածված են և վիտամիններով շատ հարուստ` B1, B2, PP և այլն։ Հատկապես կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունը ամենաշատն է։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում։ Դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղները հարուստ են բետտա-կարոտինով, որը նախապահպանում է սրտային հիվանդություններից և քաղցկեղի որոշ տեսակներից։ Բացի այդ, կարմիր պղպեղը մյուսների համեմատ ավելի քաղցր է և զգալի քանակությամբ պրովիտամին A է պարունակում։

Սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում քաղցր պղպեղն անհրաժեշտ է պարտադիր ընդգրկել ամենօրյա սննդակարգում։ Հենց այս բանջարեղենն է, որ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ոչ միայն ամրացնում են մազանոթների պատերը, այլև բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու ճկունությունը։ Քաղցր պղպեղը հատկապես օգտակար և կարևոր է արյան շրջանառության խախտման դեպքում, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի նախնական փուլում, բացի այդ, օրգանիզմից հեռացնում է խարամներն ու թունավոր նյութերը։

Քաղցր պղպեղը հարուստ է վիտամիններով՝ ռուտինով (P), որը հեղուկացնում է արյունը և ամրացնում արյունատար անոթների պատերը. այդ իսկ պատճառով շատ օգտակար է տրոմբոֆլեբիտի և երակի վարիկոզ լայնացման դեպքում։ Բացի այդ, պղպեղը նաև կարոտին, կալիում, կալցիում, մագնիում, ֆոսֆոր, երկաթ, յոդ, կրեմնիում է պարունակում, նույնիսկ` արծաթ և պղինձ, որոնք ոչ միայն նպաստում են օրգանիզմի ամրապնդմանը, այլև անփոխարինելի բուժիչ միջոցներ են համարվում սակավարյունության, անքնության, հոգնածության, շաքարային դիաբետի, մաշկային և տեսողական խնդիրների դեպքում: Դանդաղեցնում է ծերացման ընթացքը։ Օգտակար է թե՛ մեծերին, և թե՛ փոքրերին։

Պղպեղը համեղ և օգտակար է բոլոր ձևերով՝ հում, տապակած, խորոված, շոգեխաշած։ Ներկայացնենք քաղցր պղպեղով մի աղցան. կարմիր և դեղին պղպեղները երկարությամբ կամ զոլակներով կտրատել և տապակել մի քանի ատամիկ սխտորի հետ՝ ձիթապտղի յուղի մեջ, մինչև փափկելը։ Ավելացնել քացախ, 2 ճաշի գդալ ռեհան (կտրատած)։ Մատուցել կարելի է և՛ տաք, և սառը վիճակում։

Կծու պղպեղը նաև հակացուցումներ ունի. այն մեծ քանակությամբ խորհուրդ չի տրվում գաստրիտի, բարձր թթվայնության, քրոնիկ փորկապության, ենթաստամոքսային գեղձի բորբոքման (պանկրեատիտ), ստամոքսի խոցի և 12-մատնյա աղիի բորբոքման սրացման դեպքում և անհատական անընկալունակության ժամանակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ