fbpx
Սպորտ

Փյունիկ և Ուրարտու ակումբների սեփականատերերին իրենց հայտարարություններում կոռեկտ լինելու կոչ է արել Արարատ-Արմենիայի գլխավոր տնօրենը

«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը կոչ է արել «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբների սեփականատերերին կոռեկտ և զուսպ լինել իրենց հայտարարություններում:

«Վերջին օրերին ականատես ենք լինում հայկական ակումբների ղեկավարների ամպագորգոռ հայտարարություններին, որոնց դրդապատճառները և նպատակները դեռ անհասկանալի են ինձ: Ինչևէ, չէի անդրադառնա այս թեմային, եթե չհնչեին վիրավորանքներ, որոնք ակնարկում էին մեր ակումբի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանին:

Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ոչ ոք իրավունք չունի վիրավորել մեր թիմի ֆուտբոլիստներին: Նրանց վիրավորելով՝ վիրավորում եք մեզ և մեր ամբողջ ակումբին: Միգուցե ոմանց համար դեռ անհասկանալի է ֆուտբոլիստ-ակումբ հարաբերությունները, բայց մեր ակումբի համար մեր ֆուտբոլիստի պատիվը առաջնայինն է:

Պետրոսը ոչ միայն փայլուն ֆուտբոլիստ է, այլ նաև հիանալի մարդ, ով իր խաղային որակներով և բարձր ինտելեկտով իր դերն ունի հայկական ֆուտբոլում:

Մեր այս կարճ պատմության ընթացքում, մենք արդեն բավական լավ արդյունքներ ենք գրանցել հայկական ֆուտբոլում: Կոչ եմ անում «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբների սեփականատերերին զբաղվել միայն իրենց ակումբի աշխատանքով. վիրավորանքներ և անհիմն մեղադրանքներ տարածելու փոխարեն լավ կլինի զբաղվել սեփական գործով՝ միգուցե այդ ժամանակ իրենք էլ հաջողություն ունենան:

Իսկ եթե պարոնայք որոշեն շարունակել նույն գործելաոճը, ապա, վստահեցնում եմ, որ մենք էլ շատ տառեր գիտենք, և մեզ ոչինչ չի մնա, քան ի ցույց դնել այբուբենի մեր ողջ իմացությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ