«Քանի շնչում ես, պիտի կռվես ու պայքարես»,-սրանք են Արցախյան երկրորդ պատերազմի կամավոր Տարոն Սահակյանի խոսքերը, ով ընդամենը 24 տարեկան լինելով, արդեն 2 պատերազմի է մասնակցել:
Տարոնի մասին ամբողջ գյուղը խոսում էր դեռ պատերազմի սկզբի օրերից, նա Լիճքում ապրող այն եզակի մարդկանցից է, ով լսելով կռվի մասին, հենց առաջին օրերին է շտապել մարտադաշտ: Նա փախել է տնից առանց հարազատներին զգուշացնելու: Հայրենասիրությունը իր երակներում ժառանգաբար է հոսում՝ հայրն էլ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է:
«Ամսի 27-ի առավոտյան իմացա պատերազմի մասին ու մոտս աննկարգրելի զգացողություն էր: Քանի որ ես ապրիլյան պատերազմին էլ եմ մասնակցել շատ լավ պատկերացնում էի զինվորի հոգեվիճակը այդ պայմաններում: Բացի այդ ես արդեն ունեի փորձառություն, մասնագիտություն և լավ հասկանում էի, որ կարող եմ օգնել մեր բանակին»,- պատմությունը սկսում է կամավորականը:
Տարոնը նշում է, որ պատերազմի լուրը լսելուց հետո առաջինը զինկոմիսարիատ է շտապել և կամավորագրվել:
«Շտապեցի զինկոմիսարիատ և կամավորագրվեցի, որից հետո 2 օր սպասել եմ, մինչև իմ հերթը հասներ ու այդ ընթացքում նաև ծնողներիս էի նախապատրաստում, որ գնալու եմ: Այդ 2 օրերը շատ ծանր են եղել իմ համար, ոնց որ փշերի վրա լինեի, ոչ հաց էի ուտում, ոչ էլ քնում»:
Տարոնը ծիծաղով պատմում է, որ արդեն սեպտեմբերի 30-ին պետք է շտապեր զինկոմիսարիատ, որ գնար սահման, բայց ծնողներին այդպես էլ չէր ասել:
«Ամսի 30-ին մաման ասումա՝ մեզ տար Մարտունի, ես էլ էդ օրը պիտի գնայի սահման: Մամային ու մեր հարևանուհուն տանում եմ Մարտունի, մեքենան թողնում այդեղ և շտապում զինկոմիսարիատ»:
Արդեն օրվա ավարտին կամավորականը լինում է Քարվաճառում, նրանց հսկողության տակ են եղել Քարվաճառի դիրքերը:
Տարոնը շատ լավ է հիշում հոկտեմբերի 1-ը: Ասում է՝ այդ օրը մարտադաշտում տոնել է 24-ամյակը, չնայած որ կռիվը մոռացնել է տվել ծննդյան օրվա մասին:
«Կորցրել էի ժամանակի զգացողությունը: Հոկտեմբերի 1-ի առավոտյան մաման զանգում է ու ծնունդս շնորհավորում: Ես զարմանում եմ, ո՞նց թե ծնունդ (ժպտում է): Հոկտեմբերի 1-ը շատ ծանր ու խառը օր էր մեզ համար, բայց 24 ամյակս մոռանալ չեմ կարող»:
Տարոնը մարտադաշտում զբաղեցրել է հաշվարկի հրամանատարի պաշտոնը. հաշվի են առել իր փորձառությունը՝ Ապրիլյան պատերազմից:
«Քանի որ Քառօրյան պատերազմի ժամանակ եղել եմ հրամանատար, այս պատերազմում իմ գործը ուսումնասիրելով ինձ նշանակեցին հաշվարկի հրամանատար: Մասնագիտությամբ հրետանավոր եմ եղել և՛ ապրիլյան պատերազմին, և՛ այս պատերազմին, կրակել եմ Դ 30 տեսակի զենքից»,-նշում է Տարոնը:
Չնայած ծանր մարտերին, նա ժպիտով է խոսում պատերազմի մասին, ասում է՝ ուրախություն և հպարտություն էին զգում, երբ ինչ-որ դիրքի կրակով աջակցում էին:
«Մեզ, որ ասում էին՝ կրակ ենք ուզում, մենք ուրախանում էինք: Գիտակցում էինք, որ մեր մեկ կրակով կարող ենք թշնամուն զգալի թվով վնաս հասցնել ու դա էլ մեր վրեժն էր, այսկերպ գոնե կարողանում էինք մեղմացնել վրեժը՝ մեր զոհված, գերեվարված և կորած հարազատների համար»:
Կամավորականը նշում է, որ Քարվաճառի հատվածում թշնամին ոչ մի առաջխաղացում չի ունեցել, և ավելին մեր բանակը Քարվաճառում կարողացել է գրավել թշնամու 6 դիրք:
«Մեր անձնակազմով խոցել ենք բազմաթիվ մարդկային կուտակումներ, պատերազմի առաջին օրերին կարողացել ենք 6 դիրք առաջ գնալ և մինչև պատերազմի ավարտ մնացել ենք մեր գրաված դիրքերում: Ես կարողացել եմ 1 ՏՈՍ հրետանային համակարգ խոցել»,-իրենց սխրագործությունների մասին է պատմում կամավորականը:
Տարոնը ափսոսանքով էր խոսում Քարվաճառի մասին, երբ հարցրեցի՝ սպասում էիք նման ավարտի, ասեց, որ հաշվի առնելով թշնամու թվաքանակը նման ավարտը շատ հավանական էր:
«Քարվաճառում թշնամին անգամ 1 սանտիմետր առաջ չէր կարողացել գալ, դա պայմանավորված էր տեղանքով՝ բարձր գոտի լինելով ու իրենք շանս չունեին Քարվաճառը գրավելու: Ափսոս, որ Քարվաճառը հիմա իրենցնա, որովհետև այն շատ մեծ նշանակություն ուներ մեր երկրի համար: Միևնույն է, ես պնդում եմ, որ թշնամին չի հաղթել, քանի որ իրենք թվակազմով և տեխնիկայով մեզանից շատ հզոր են եղել»,-ասում է նա:
Տարոն Սահակյանը առանց հանգստի 42 օր եղել է մարտադաշտում, կռվել է մինչև պատերազմի ավարտը և ես մի փոքր ահ սրտումս հարցրի՝ եթե էլի պատերազմի լինի կմասնակցի՞:
«Իմ համար արդեն սովորական բան է դարձել պատերազմը ու էլի կգնամ: Իմ առաքելությունն է պաշտպանել Հայրենիքը: Մեր երկիրը սկսվում է սահմանից, իսկ եթե սահմանը թույլ է ուրեմն մենք էլ ենք թույլ»,-եզրափակում է Տարոնը:
Լիլիթ Խլղաթյան