fbpx
Աշխարհ

Քաշմիրում գործող սահմանափակումները կարող են հանվել

Հնդկաստանի իշխանությունները մտադիր են առաջիկա մի քանի օրվա ընթացքում հանել Ջամմա և Քաշմիրի նախկին նահանգում գործող սահմանափակումները: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պետական դատախազ Տուշար Մեհթան։

«Հնդկաստանի կառավարությունը ծանուցել է երկրի Գերագույն դատարանին, որ պատրաստ է այս ամսում չեղարկել ուղևորությունների սահմանափակումը տարածաշրջանում և ապահովել հեռախոսային ու ինտերնետ կապի անխափան աշխատանքը»,- դատախազի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:

«Սահմանափակումները կհանվեն մի քանի օրվա ընթացքում»,- հավելել է նա:

NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ջամմա և Քաշմիրի հանրակրթական հաստատությունները աշխատանքը կվերսկսեն օգոստոսի 19-ից:

Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել է Սահմանադրության 370 հոդվածը չեղարկելու որոշման մասին, որը հատուկ կարգավիճակով է օժտում Ջամմա և Քաշմիրի նահանգը:

Կառավարության առաջարկության համաձայն, Ջամմա և Քաշմիրը կորցնում է նահանգի կարգավիճակը ու դառնում միութենական տարածք (ավելի քիչ իրավունքներ ունի, քան նահանգը), նրանից անջատվում է Լադաքհ պատմական մարզը, որը նույնպես դառնում է միութենական տարածք: Նաև այլ փոփոխություններ են սպասվում Քաշմիրի կարգավիճակի և կառավարման ոլորտում: Ընդսմին Ջամմա և Քաշմիրը կպահպանի իր օրենսդիր մարմինը:

Հնդկաստանի Սահմանադրությամբ Ջամմա և Քաշմիրը հատուկ ինքնավարություն ուներ, այս նահանգում բոլոր օրենքները, որոնք ընդունվել են կենտրոնական կառավարության կողմից (բացառությամբ պաշտպանության, արտաքին կապերի և մի քանի այլ բնագավառների վերաբերողների), պետք է արժանանային տեղական ասամբլեայի հավանությանը:

Հնդկաստանի մյուս շրջանների բնակիչներն իրավունք չունեին հող գնել Քաշմիրում: Նահանգն ունի իր սեփական դրոշը, որը կարգավիճակով հավասար է պետականին և այլն:

Ջամմա և Քաշմիրում՝ Հնդկաստանի միակ նահանգում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները, ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս նրա անկախության կամ Պակիստանին միանալու օգտին:

Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև չկա պաշտոնական սահման. երկու պետությունների բանակներին բաժանում է հսկիչ գիծը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ