fbpx
Խորհրդարան

Քաղաքական անկայունություն է եղել, ու տնտեսությունը ռեցեսիոն գործընթացի մեջ չի ընկել. ՀՀ վարչապետ

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նաև անդրադարձավ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին: Նա Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս նշեց, որ երբ խոսվում է 2018 թվականի ցուցանիշնների մասին, պետք է հիշել այդ ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները։

«2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել վարչապետի 5 ընտրություն (3 վարչապետ է փոխվել երկրում), նախագահի մեկ ընտրություն, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, ՀՀ ԱԺ լուծարում, ԱԺ արտահերթ ընտրություններ։ Եվ երկրում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական, բայց, այնուամենայնիվ, հեղափոխություն», – ասաց Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ չկա աշխարհում որևէ այլ երկիր, որտեղ այսքան քաղաքական իրադարձություններ, քաղաքական անկայունություն է եղել, ու տնտեսությունը ռեցեսիոն գործընթացի մեջ չի ընկել։

«Հիմա Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչը հիմա արդեն սկսել է և սկսում է արտահայտվել տնտեսության մեջ», – հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նա օրինակ բերեց շինարարության տեմպերը. հունվարին ու փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, գրանցվել է առնվազն 20 տոկոս աճ։ Լրջագույն աճ է նկատվում նաև հիփոթեքային վարկավորման ոլորտում․ հունվարին այն աճել է 77 տոկոսով, փետրվարին՝ 100 տոկոսով, երկրի հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով։

«Սա նշանակում է ՀՀ քաղաքացիների վստահություն սեփական ապագային նկատմամբ։ Եվ այն գումարները, որոնք նրանք, կներեք՝ պայմանականորեն, կարող էին ծախսել արտագաղթի և արտագաղթ պլանավորելու վրա, նրանք ծախսում են Հայաստանում տնավորվելու համար», – ասաց վարչապետը։

Ըստ ՀՀ վարչապետի՝ Հայաստանը կանգնած է շինարարական բումի եզրին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ