Որքան քաղաքական ուժերը մնան վերամբարձ դիրքում, այնքան հանրությունը կմնա անհաղորդ

Հրապարակող՝

,

hands puzzle

Ամենադիտվածներ

Երբ լսում ես ընդդիմադիր գործիչներին, բոլորը խոսում են համախմբվելուց ու միավորվելուց։ Սակայն, ընդդիմադիր գրեթե բոլոր միավորները տարիներ շարունակ ի վիճակի չեն եղել կայացնել հանրային այնպիսի համաձայնություն, որտեղ կկարողանային միմյանց հանդուրժել եւ իրար չխանգարել իշխող վարչախմբերի դեմ պայքարում։ Նախկինում, հատկապես նախընտրական գործընթացների ժամանակ, իհարկե եղել են իրավիճակային միավորումներ։ Սակայն դրանք շատ դեպքերում ավարտվել են սկանդալներով ու միմյանց անվանարկելով՝ ընդդիմության անորակության խորապատկերի վրա հնարավորություն տալով բարձրացնելու Հայաստանի ներկայիս ու նախորդած վարչախմբերի վարկանիշը։

Հարց է առաջանում, թե որն է պատճառը, որ ընդդիմադիր միավորները չեն կարողանում գոնե համընթաց գործել, երբ ակնառու է, որ հանրային պառակտման շահառուն գործող վարչախումբն է։ Բոլոր այն պատճառաբանությունները, թե ընդդիմադիր գործիչներն ու խմբերն ունեն այս կամ այն թերությունը, չի կարող արդարացնել այն հակակրանքը, որը ցուցաբերում են նույն այդ գործիչներ ու խմբեր միմյանց նկատմամբ։

Բնականաբար անթերի ու սխալական մարդիկ չկան։ Սակայն, նկատելի է, որ տարբեր գործիչների ու խմբերի միավորվելու ցանկությունները, որոնք արտահայտվում են հրապարակայնորեն, իրականում ոչ մի աղերս չունեն նրանց խորքային ցանկությունների հետ։ Փաստացիորեն սեփական անսխալականությունն ու ամբիցիան առաջ մղելով՝ նրանք սեփական վարքով փակում են միմյանց հետ համակարգված գործելու ճանապարհները։ Հետեւանքը լինում է այն, որ այդ միավորները ժամանակի ընթացքում դառնում են լուսանցքային։ Չկարողանալով գաղափարապես համակարծիք այլ միավորների հետ որեւէ գործ ձեռնարկել եւ կորցնելով հանրային կարծիքի վրա ազդեցություն ունենալու հնարավորությունները՝ նրանք դուրս են մղվում քաղաքականությունից։

Առաջիկա ամիսների համար քաղաքական ամենից կարեւոր գործընթացը համասեռ, գաղափարակից միավորների համագործակցության այնպիսի ձեւաչափի սկզբնավորումը պետք է լինի, որի ինքնին գոյությունը իրապես կազդի հանրային տրամադրությունների վրա։

Թվում է, թե հայ հանրությունը մեծամասամբ անհաղորդ է երկրում տեղի ունեցող գործընթացներին։ Սակայն, իրականությունն այն է, որ հանրությունն ունի ակնկալիքներ քաղաքական միավորներից։ Իսկ վերջիններս ոչ թե չունեն վստահության պաշար, այլ իրենց ձեռքով պարբերաբար չարաշահում են հանրության վստահությունը՝ գործելով մեկուսի կամ վերամբարձ դիրքերից։ Քաղաքական միավորների համար ուժ դառնալու առաջնային հիմքը նրանց ադեկվատությունն է հանրային սպասելիքներին։ Ներկայումս այդ գործում կա մի կարեւոր նախապայման՝ կարո՞ղ են քաղաքական գործիչներն ու խմբերը գաղափարակից մյուս գործիչներին ու խմբերին, անկախ նրանց ունեցած ռեսուրսներից ու կարողություններից, համարել առնվազն իրենց հավասար միավոր։ Երբ նման հավասարությունն ընդունվի հոգեբանական մակարդակում, դրանից հետո տեխնիկական խնդիր կդառնա տարբեր միավորների համատեղ կամ զուգահեռ պայքարի համակարգման խնդիրը։

Ամենաթարմ