Ավետիս Զարգարյանը ծանր վիրավորում է ստացել քառօրյա պատերազմում՝ զոհված մարտական ընկերների աճյունները տեղափոխելիս: Հիմա Ավետիսը վերականգնողական բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում:
«Առօրյան սկսվում է առավոտյան ժամը ութից, պարապմունքներ, դասեր: Կենտրոնը շատ մեծ նշանակություն ունի իմ կարգավիճակում գտնվող տղաների համար: Դա հույսի մի շող է, որ բոլորն էլ կարող են քայլել, պայքարում են»,- նշում է Ավետիսը:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր անվճար բուժում է ստանում 40 նախկին զինծառայող:
«Եզակի բնույթի գործող կենտրոն է Հայաստանում, տուն է այն մարդկանց համար, ովքեր իրենց առողջությունն ու կյանքը նվիրել են մեր երկրին: Կենտրոնը գործում է շուրջ մեկ տարի երեք ամիս, և այդ ընթացքում շուրջ 600 զինվորներ ու զինծառայողներ են անցել այս կենտրոնով: Զինծառայողների համար ամենն անվճար է՝ թե՛ սնունդը, թե՛ ուսումը, թե՛ բուժումը, թե՛ առհասարակ հոսպիտալ պայմանները»,-ասում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Կենտրոնն ունի սարքավորումներ, որոնք վաղվա օրվա են, այսինքն՝ աշխարհում երևի չկա որևէ վերականգնողական կենտրոն, որն ունենա վերականգնողական բուժման համար նախատեսված այսքան բազմաֆունկցիոնալ սարքավորումներ: Հրաշալի է, որ այս տարի մենք նաև վերականգնողական բուժման ամբիոնն ենք կառուցում, և արդեն ավելի շատ մասնագետներ կլինեն Հայաստանում, որտեղ այս ոլորտը երկար տարիներ բաց էր մնացել»,- նշում է «Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը:
Կենտրոնի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու մյուս հնարավորություններին տեղում ծանոթացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետը ճաշի ընթացքում զրուցեց հայրենիքի պաշտպանների հետ ու մաղթեց նրանց շուտափույթ ապաքինում:
Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը քաղաքապետին է ներկայացրել նաև կենտրոնի զարգացման հետագա ծրագրերը: Կարևորելով հաստատության գործունեությունը՝ քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանգնած է կենտրոնի մարդասիրական բոլոր նախաձեռնությունների կողքին:
«Շատ մեծ ծավալի աշխատանք է կատարվել, ու կարևորը ուղղակի սրտանց արվել է մեր զինվորների համար և վերջ: Նոր ծրագրերը, որ նախաձեռնել եք, համոզված եմ, շատ լավ է ստացվելու, և ուզում եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը կանգնած է ձեր կողքին: Կանենք հնարավորը, որպեսզի այս կենտրոնն իր բնականոն և տրամաբանական շարունակությունն ունենա»,- ընդգծել է քաղաքապետը:
«Մենք ունեցանք պայմանավորվածություններ, քաղաքապետը հայտնեց իր աջակցության հավաստիքները: Կարծում եմ՝ սա կարևոր այց էր բոլորիս համար: Ոչ միայն կենտրոնը նայեցինք, այլև շրջեցինք բժշկական համալասարանի շրջակայքով, կիսվեցինք մեզ մտահոգող խնդիրներով թե՛ կենցաղային, թե՛ առհասարակ շենքային խնդիրների հետ կապված, և ի ուրախություն մեզ՝ բոլոր հարցերին եղան աջակցության խոստումներ: Համոզված եմ, որ կարճ ժամկետում դրանք կյանքի կկոչվեն»,- նշել է Արմեն Մուրադյանը:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր: Այստեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի, լուծվում են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր: