ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին և երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Գյումրու քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ, ճարտարապետ Վարդան Շահուրյանը և այլք:
Հանդիպման առանցքում Գյումրիում հայ-հնդկական մշակութային կենտրոն, մասնավորապես առանձին ցուցասրահ-թանգարան կառուցելու գաղափարն է եղել, որտեղ կցուցադրվեն հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի կողմից հնդկական վիմափոր տաճարների՝ Աջանտայի քարանձավների որմնանկարների պատճենները. դրանք այժմ պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել նմանօրինակ նախաձեռնության և համատեղ համագործակցության համար՝ կարևորելով երկու բարեկամ երկրների միջև փոխհամագործակցության ամրապնդումը:
Մասնագետի խոսքով՝ ցուցասրահ-թանգարանը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն զբոսաշրջիկների, այլև տեղացիների համար՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը, և մասնավորապես գյումրեցիները շատ հետաքրքրված են հին ժողովուրդների մշակույթով և պատմությամբ:
Ցուցասրահի կառուցման շինարարական աշխատանքները կսկսվեն 6 ամսից: