fbpx
Էկո

Քննարկվել են հանքարդյունահանման և շրջակա միջավայրի խնդիրներ

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքային քննարկում։

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ 33 էջից բաղկացած եզրակացություն։ Նրա հավաստմամբ՝ կարճ ժամանակահատվածում ուսումնասիրվել է 10հազար փաստաթուղթ։ Արդյունքում պարզվել է, որ մեր երկրում հանքարդյունահանումն իրականացվել և իրականացվում է մի շարք օրենքների, օրենսգրքերի և միջազգային կոնվենցիաների խախտումներով։ Ըստ բնապահպան-իրավաբանի՝ նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացրել: Ջրային օրենսգրքով և «Սևանի մասին» օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը։ Կոնվենցիաներով չի թույլատրվում հանք շահագործել այն տեղանքներում, որտեղ ապրում են միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներն ու թռչնատեսակները։ Բանախոսն անդրադարձել է նաև Ջերմուկի շրջակա միջավայրի խնդիրներին և անթույլատրելի համարել քաղաքի հարևանությամբ հանքի շահագործումը։ Նա մեջբերել է մի քանի օրինակներ, ապա փաստել Լիճքի հանքային ջրի անհետացման մասին, որն, ըստ նրա, հետևանք է այդ տարածքում ոսկու հանքի գործունեության։ Նազելի Վարդանյանը խոսել է նաև բազմաթիվ այլ խախտումների մասին:

Սերգեյ Բագրատյանը գործընկերներին առաջարկել է ամանորյա տոներից հետո կազմակերպել ևս մեկ աշխատանքային քննարկում և այդ ընթացքում առավել հանգամանալի ուսումնասիրել եզրակացության մեջ ընդգրկված փաստացի տվյալները։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ