Ապրիլի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի հերթական նիստ: Այն անցկացվել է ընդլայնված կազմով, որին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, Փաստաբանների պալատի ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ նիստի բացման խոսքում՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ ընդգծել է, որ մարդու իրավունքներին առնչվող խնդիրների արդյունավետ լուծման համար, առավել ևս, եթե դրանք վերաբերում են զինված ուժերին էական է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դերը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Կորոնավիրուսային (Covid-19) համավարակի և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո զորքերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք խնդիրներ, որոնք վեր են հանվել Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքների, ահազանգերի և զորամասեր մոնիթորինգային այցերի ժամանակ:
Քննարկվել են զորահավաքային զորակոչի և զորահավաքային ծառայության ընթացքում քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների, ներառյալ՝ առողջական ու սոցիալական բնույթի խնդիրներ:
Առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանին առընթեր «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով» փորձագիտական խորհրդի նիստերին խորհրդի անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:
«Պաշտպանը կարևորում է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլև իրավասու պետական մարմինների, հատկապես՝ Պաշտպանության նախարարության ու ԶՈւ Գլխավոր շտաբի պատասխանատու ստորաբաժանումների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը», – ասվում է գրառման վերջում։