ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։ Այս մասին Բիշքեկում Sputnik Armenia-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ձեզ մեկ բան կարող եմ ասել՝ վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին։ Նրանք կապը պահում են։ Պուտինն ու Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Քոչարյանին կալանավորելու փաստը։ Նա նշել է նաև, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավական ժամանակ է անցել, և հայ-ռուսական հարաբերություններում դադարը լրացվել է։
Բացի այդ, Պեսկովի խոսքով, Փաշինյանը հաճախ է շփվում ՌԴ նախագահի հետ։ «Փաշինյանն ու Պուտինն աշխատանքային կառուցողական հարաբերություններ են ստեղծել։ Այդ հարաբերությունները հիանալիորեն զարգանում են, ինչպես և դա պետք է լիներ մեր երկու երկրների միջև»,- ասել է նա։
Պեսկովը հավելել է նաև, որ 2020-ին Փաշինյանի՝ ՌԴ պաշտոնական այցի շուրջ աշխատանքներ են տարվում, դեռ հստակ ժամկետներ չկան, սակայն դա շատ արագ կարող է կազմակերպվել։
Ամբողջական հոդվածը՝ Armeniasputnik.am