Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյան պաշտպանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու համար: Այս մասին armtimes.com-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
ՀՀ ԱԱԾ-ից, սակայն, դեռևս չի պատասխանել՝ ստացել են հաղորդումը և ինչ ընթացք են տվել:
Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելուց հետո նրա պաշտպան Գեորգի Մելիքյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որտեղից նյութերն ուղարկել էին դատախազություն՝ ըստ ենթակայության քննելու համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՀՔԾ աշխատակիցները խուզարկել էին Գրիգորյանի աշխատասենյակը և առգրավել համակարգիչը, ինչի մասին նախապես իրազեկվել էր ԲԴԽ-ին:
Դատավորի պաշտպանը Գեորգի Մելիքյանը, խոսելով ապօրինությունների մասին, ասաց․ «Ամբողջ խնդիրը նրանում է, որ առանց դատարանի որոշման են դատավորի աշխատասենյակի դուռը կնիքել՝ փաստացի սահմանափակելով դատավորի մուտքը իր աշխատասենյակ, և դա ակնհայտ ու բացահայտ միջամտություն է արդարադատության իրականացմանը: Բացի այդ քրեական գործ հարուցելու մասին որոշման և խուզարկության թույլտվության մասին քննիչի միջնորդության մեջ առկա են եղել ձևակերպումներ, որոնք ուղղակի մտանանշում են, որ դատավորին ուղղակի առաջադրվել է կասկած ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) հանցագործություն կատարելու վերաբերյալ, որը փաստում է, որ նրա նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, այնինչ, Դատական օրենսգրքի համաձայն՝ պետք է Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը ստանան, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի»:

