Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունվարի 9-ի նիստում քննարկվեց Ռ.Քոչարյանի պաշտպանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու միջնորդությունը:
Մինչ միջնորդության քննումը դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ավելի վաղ Ռ.Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել: Սակայն ինքը դեռ չի հասցրել դրան ծանոթանալ: Նա դատական կողմերից ճշտեց, թե ի՞նչ դիրքորոշում ունեն միջնորդությունների քննարկման հերթականության վերաբերյալ. կո՞ղմ են, որ Ռ.Քոչարյանի պաշտպանների՝ քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը քննարկվի մինչև իր ինքնաբացարկի հարցի քննությունը: Առարկություններ հայտնողներ չեղան: Դատարանը սկսեց միջնորդության քննումը: Դրա հիմնավորումները ներկայացրին Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպաններ Կարեն Մեժլումյանն ու Միհրան Պողոսյանը: Նրանք կրկին հիշեցրին «7-ի գործը», որով մեղադրվողների հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Քրեական հետապնդումը դադարեցնելուն առարկեց Մարտի 1-ի գործով տուժած Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը. «Համեմատում է Ալեքսանդր Արզումանյանի գործը էս երկիրը քանդողի հանցագործության հետ: Ալ. Արզումանյանն իր իրավունքն է պաշտպանել»:
Դատական նիստի ընթացքում վիճաբանություն սկսվեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և հակառակորդների միջև: Նրանցից մեկը, դիմելով Քոչարյանի պաշտպանական կողմին, ասաց. «Ձեզ կոռեկտ պահեք, թե չէ դուք էլ այն օրը կընկնեք, ինչ մենք ենք»:
Դատավորը ստիպված եղավ հիշեցնել, որ դատարանում են: Ռ.Քոչարյանը պնդեց, որ իր պաշտպանության կողմին սպառնալիք է հնչեցվել: Նա, դիմելով դատավորին, ասաց. «Ստիպում ենք Ձեզ՝ հրապարակեք ձայնագրությունը, թե ինչ է ասվել»: Դատավոր Աննա Դանիբեկյանն ի պատասխան նշեց, թե դատական նիստի ավարտից հետո տեսաձայնագրությունը կտրամադրվի և կներկայացվի հաջորդ նիստին:
Իսկ դատական հաջորդ նիստի օր ու ժամ նշանակվեց հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին: Այդ օրը կշարունակվի միջնորդությունների քննարկումը: