fbpx
Իրավական

Ընկերության տնօրենը ազատել է աշխատակցին հանրահավաքին չմասնակցելու համար. հարուցվել է քրեական գործ

Դեկտեմբերի 22-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի օգտատեր հրապարակմամբ հայտնել էր, որ նախորդ օրը ամուսնուն աշխատանքից ազատել են ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հրապարակման հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերով տեղեկություններ են ձեռք բերվել, որ դեկտեմբերի 21-ին Երևանի Իսակովի պողոտայում գտնվող ընկերության տնօրենը ընկերությունում աշխատող 30-35 աշխատակիցների, այդ թվում՝ որպես ավտոէլեկտրիկ աշխատող վերոհիշյալ տղամարդուն հորդորել է մասնակցել ընդդիմության հայտարարած՝ հաջորդ օրը տեղի ունենալիք գործադուլին և հանրահավաքին։ Ստանալով տղամարդու մերժումը՝ ընկերության տնօրենը նրան տեղեկացրել է, որ նման պայմաններում ավտոէլեկտրիկը չի կարող աշխատել իրենց կազմակերպությունում, ինչից հետո տղամարդը լքել է աշխատանքի վայրը։

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելու վերաբերյալ փաստական տվյալներ, քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր՝ դեկտեմբերի 23-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին։
Կատարվում է նախաքննություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ