fbpx
Կառավարություն

Քրեական պատասխանատվություն է նախատեսում ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը հայտնել է՝ ԱԺ-ն ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը: Կառավարության օրենսդրական նախաձեռնության նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը։

««…Խնդրում եմ, օգնեք գտնեմ երեխայիս, իմանամ, կենդանի՞ է նա արդյոք, թե ոչ: Տարիներ առաջ ես ստիպված էի հրաժարվել նրանից, քանի որ ամուսինս և նրա քույրը ասացին, որ տղաս առողջական խնդրով է ծնվել և չթողեցին, որ նրան վերցնեմ…»
Սա մի օրինակ է այն բազմաթիվ նամակներից, որ մենք ստանում ենք այն ծնողներից, որոնց ստիպել են հրաժարվել ծնողական իրավունքից և որոնց մենք այսօր օգնել չենք կարող, որովհետև նրանց երեխաներն արդեն ընտանիք ունեն և հաճախ ապրում են այլ երկրում:

Ազգային Ժողովն ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը: Կառավարության օրենսդրական նախաձեռնության նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը։

Փոփոխությունը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ պայքարել այս բավականին տարածված երևույթի դեմ։

Ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանված այն դեպքերում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Այս նախագիծը խիստ կարևորում ենք նաև կանխարգելիչ միջոցառումների համատեքստում։ Մենք սկսել ենք երեխաների մուտքը հաստատությունների կանխարգելելու լայնամասշտաբ ծրագրեր։ Այն սկսվում է ծննդատնից, շարունակվում մինչև ծնողների հմտությունների ձեռքբերմանն ուղղված զբաղվածության ծրագրերով, ժամանակավոր կացարանի կազմակերպմամբ, հոգեբանի կամ սոցիալական աշխատողի միջոցով աջակցությամբ։ Այդ աշխատանքների արդյունքում, նախնական գնահատմամբ, 0-1 տարեկան երեխաների նկատմամբ ծնողական պարտավորություններից հրաժարվելը կտրուկ նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/zaruhibatoyan/posts/3172290642827223

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ