ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուոքիգան քաղաքի բնակիչները տոնել են իրենց համաքաղաքացի գրող Ռեյ Բրեդբերիի ծննդյան տարեդարձը՝ նրա պատվին արձան կանգնեցնելով։ Տեղեկացնում է Chicago Tribute պարբերականը:
Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել քաղաքի հանրային գրադարանի տարածքում, որը տեղակայված է այն դպրոցի կողքին, որտեղ ուսում է ստացել գրողը՝ ընտանիքով Լոս Անջելես տեղափոխվելուց առաջ:
«Ֆանտաստիկ ճանապարհորդություն» անունը կրող արձանը, որի բարձրությունը 3,5 մետրի է հասնում, պատկերում է Բրեդբերիին՝ գիրքը ձեռքին, որը փորձում է օդում նստել հրթիռի վրա: Տիեզերական սարքի ներսում ատամնանավակներ են, որոնք խորհրդանշում են գրողի անհանգիստ և հարցախույզ մտքի անվերջ ընթացքը:
Հայտնի է, որ արձանի գաղափարը ծագել է դեռևս 5 տարի առաջ: 2016թ.-ին այդ նպատակով հատուկ հիմնադրամ է ստեղծվել, որի աշխատակիցները ներկայացված 41 հայտերը դիտարկելուց հետո հավանություն են տվել Զախարի Օքսման անունով արտիստի մտահաղացմանը:
Նշենք,որ Բրեդբերին 20-21-րդ դարերի ամենանշանավոր գրողներից է: Նա ստեղծագործել է բազմաթիվ գեղարվեստական ժանրերում՝ ֆենթեզի, գիտաֆանտաստիկ, սարսափ և առեղծվածային։ Գրողն առավել հայտնի է իր «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպով և «Մարսյան քրոնիկոն» պատմվածքների ժողովածուով։