Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց դատարանի որոշումը՝ մերժելով Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին գրավով փոխարինել Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը:
Միջնորդության հիմքում գլխավորապես դրված էր Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 15-ի ՍԴՈ-1480 որոշումը, որով ՍԴ-ն, ի թիվս այլնի, արձանագրել է, որ գրավը ճանաչվել է որպես ինքնուրույն խափանման միջոց՝ դադարելով լինել կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց, ուստի այն կարող է կիրառվել ոչ միայն անձի թաքնվելու, այլ նաև խոչընդոտելու ռիսկը զսպելու պարագայում: Սա պաշտպանական կողմը դիտել էր որպես նոր ի հայտ եկած հանգամանք: