«Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը վնասվածքի պատճառով չի օգնի Գերմանիայի հավաքականին ԱԱ-2022-ում։
Ինչպես հայտնում է Sky Sport Deutschland-ը, 33-ամյա կիսապաշտպանը չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնությանը սեպտեմբերի կեսերին ստացած վնասվածքի պատճառով։
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մինչև վերջ հույս ուներ, որ Ռոյսը կվերականգնվի վնասվածքից աշխարհի առաջնության համար, սակայն կիսապաշտպանը դեռ մի քանի շաբաթ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ։
Ռոյսը կոճի կապանների վնասվածք է ստացել սեպտեմբերի 17-ին «Շալկեի» դեմ խաղում (1-0): Չորս շաբաթ անց «Ունիոնի» հետ խաղում (0:2) կիսապաշտպանը վերադարձավ խաղադաշտ՝ փոխարինման դուրս գալով ընդմիջմանը։ Սակայն խաղից հետո նա ցավ է զգացել։ Անցած շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, Ռոյսը վնասվածքից հետո վերադարձավ խաղադաշտ՝ նա փոխարինման դուրս եկավ «Բոխումի» դեմ խաղում (3:0) 67-րդ րոպեին: Այդ խաղից հետո կոճը նորից սկսեց անհանգստացնել Ռոյսին։