Թե ինչպես ռուսները հայերի մարտերում գրավեցին Նախիջևանը, Ղարաբաղը, Զանգեզուրը և նշվածներից առաջին երկուսը նվիրեցին Ադրբեջանին:
Պատմության մեջ այս օրը 1920թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում Խորհրդային Ռուսաստանի և նրա օկուպացիոն բանակի հարձակման դեմ մարտեր մղող Հայաստանի պատվիրակությունների միջև ստորագրվել էր համաձայնագիր, որի համաձայն ռազմական գործողությունները ավարտվում էին երկու երկրների միջև և ռուսական զորքերի վերահսկողության տակ էին լինում վիճելի տարածքներ համարվող Զանգեզուր, Նախիջևան և Ղարաբաղ: Այդ տարածքների ճակատագիրը հետագայում պետք է որոշվեր: Ռուսաստանն ուներ երկու դաշնակից Քեմալական Թուրքիան և 1920թ. գարնանը խորհրդայնացած Ադրբեջանը: Այդպիսի տանդեմի պարագայում բնականաբար պարզ էր, թե այդ ամենն ինչով էր ավարտվելու: Թե ինչ եղավ Ղարաբաղի, Նախիջևանի և ընդհանրապես Հայաստանի Առաջին Հանրապետության հետ հետագայում շատ անգամ է խոսվել: Քեմալա-բոլշևիկյան ջանքերի շնորհիվ Հայաստանը դադարեց գոյություն ունենալուց:
Ի դեպ Հայաստանի հետ կնքված համաձայնագրի օրերին Ռուսաստանը բանակցում էր զուգահեռ նաև քեմալականների հետ: Մոսկվայում թուրքական պատվիրակությունն էր Սամի Բեքիրի գլխավորությամբ: Ընդհանրապես ռուս-թուրքական մերձեցման համատեքստում բավականին կարևոր վկայություններ ունեին հենց թուրք պաշտոնյաները: Այսպես ինչպես նշում է իր հուշերում Ալի Ֆուադ Ջեբեսոյը, «մեր ներկայացուցիչները, երբ հիշեցրել են, որ հայերի աղմկարարությունը խիստ շատ է և տևականորեն իրենց անմեղության մասին խոսելուն հակառակ, կարծվածին չափ անմեղ չեն, Լենինն ասել է. «Այո, ճիշտ է, սակայն կասկած չկա, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը շատ մոտ ժամանակ պետք է ստանան մեր ցանկացած ձևը»: Թուրքական պատվիրակության նախագահ Բեքիր Սամիր բեյը, ամփոփելով իր տպավորություններն այդ հանդիպումից, ընդգծում էր. «Լենինը շատ համակրելի դիմագծերով, շատ բացսիրտ մի անձնավորություն գտանք, մեզ և իսլամական աշխարհի հանդեպ շատ բարյացակամ նկատեցինք»:
Բեքիր Սամի բեյի նշած «բարյացակամության» ակնառու ապացույցն էր 1920թ․-ի օգոստոսի 24-ին Մոսկվայում ստորագրված թուրք-բոլշևիկյան դաշնագրի նախագիծը և Լենինի համաձայնությունը՝ ՀՀ վրա հարձակում սկսելու մասին: Այդ բանակցությունների արդյունքում 1920թ. օգոստոսի 24-ին կնքվեց ռուս-թուրքական գաղտնի համաձայնագիրը, ըստ որի Հայաստանի դեմ հարձակման համար ռուսները թուրքերին զենք զինամթերք, զորախմբեր և ոսկի էին տրամադրում: Հետագայում երբ ռուսները և թուրքերը համատեղ ջանքերով ոչնչացրեցին մեր Առաջին Հանրապետությունը այնուհետև նախկինում վիճելի տարածքներ համարվող Նախիջևանը 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական Բարեկամության և Եղբայրության պայմանագրով ռուսները հանձնեցին Ադրբեջանին: 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ ռուսները Ղարաբաղը հանձնեցին Ադրբեջանին: Եվ միայն Սյունիքը Նժդեհի հերոսական ջանքերի և դիմադրության շարունակման արդյունքում է, որ այդ տանդեմի զոհը չդարձավ:
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
https://www.facebook.com/david.fidanyan/posts/2432998326749427