fbpx
Աշխարհ

Սաակաշվիլին կթողնի ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը Վրաստանում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշել է թողնել վրացական «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը, քանի որ հնարավորություն չունի տեղում իրականացնել կուսակցության ղեկավարումը:

«Կուսակցության մեջ անհրաժեշտ է մշտական նորացում, ուստի այժմ անհրաժեշտ են նոր մարդիկ և կուսակցական ղեկավարման նոր սկզբունքների կիրառում: Նախ՝ Իվանիշվիլին (Բիձինա Իվանիշվիլի, «Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահը) ամեն բան անում է, որ ինձ  թույլ չտա մտնել երկիր: Երկրորդ՝ մեր մի քանի ղեկավարներ բանտում են: Այդ ամենը դժվարացնում է մեր կազմակերպության աշխատանքը: Ուստի այս իրավիճակում անհրաժեշտ է ընտրել «Միասնական ազգային շարժում» կուսակցության նոր նախագահ»,-հայտարարել է Սաակաշվիլին սոցցանցերում:

«Ես կարծում եմ՝ Գրիգոլ Վաշաձեն շատ լավ անցկացրեց նախագահական ընտրարշավը, և անձամբ ես կպաշտպանեի նրա թեկնածությունը մեր կուսակցության նախագահի պաշտոնի համար»,-նշել է Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ ներկայում ՄԱՇ-ին աջակցում են գրանցված 400 հազար ակտիվ կողմնակիցներ, որոնք պետք է մասնակցեն կուսակցության նախագահի ընտրությանը:

Լրագրողների հետ զրույցում կուսակցության ղեկավարները դրական են գնահատել Սաակաշվիլիի որոշումը: «Կուսակցության լուրջ նորացման հարցը հասունացել է ուստի մոտ ժամանակներս մենք կանցկացնենք կուսակցության համագումար և կընտրենք նոր նախագահ»,-լրագրողներին հայտարարել է ՄԱՇ-ի ղեկավարներից մեկը՝ Ռոման Գոցիրիձեն: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Սաակաշվիլին կմնա կուսակցության առաջնորդը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ