Հունիսի 2-ին սահմանամերձ Սարիգյուղում տրվեց «SԱRI FEST 2019» խորագրով մշակութային միջոցառումների մեկնարկը, որի նպատակն է ներդրողների, նվիրատուների, դրսում բնակվող սարիգյուղացիների ուշադրությունը հրավիրել գյուղի մշակույթի տան խնդրի վրա և միջոցներ հանգանակել շենքի վերանորոգման համար։ Մշակութային ավանդույթներով հարուստ գյուղը 2004 թվականից չունի մշակույթի տուն․ շենքն ավերվել է պատերազմական տարիներին։
Միջոցառման նախաձեռնության հեղինակը Լուսինե Էլլարյանն է, ով թեպետ ծնվել է Երևանում, ապրել ու մեծացել Նիդերլանդներում, սակայն որոշել է տեղափոխվել պապենական գյուղ և զբաղվել համայնքի մշակութային կյանքի աշխուժացման հարցերով։ Իր այս նախաձեռնությամբ Լուսինեն ակնկալում է յուրաքանչյուր սրտացավ քաղաքացու աջակցությունը մշակութային գյուղի զարգացմանը։
Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետը, թեմի առաջնորդը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից ու արտերկրից։ Ողջույնի իր խոսքում մարզպետ Հայկ Չոբանյանը դրվատանքով խոսեց նախաձեռնության հեղինակի մասին՝ նշելով, որ այն վարակիչ պետք է լինի բոլոր երիտասարդների համար․ «Ես կարծում եմ, որ այս միջոցառումը առաջին հերթին մեկ ոգու շատ մեծ կամքի և նախաձեռնողականության արդյունք է և ես ուզում եմ, որ դա վարակիչ լինի ոչ միայն Սարիգյուղի երիտասարդների, այլև ամբողջ մարզի, ամբողջ հանրապետության երիտասարդների համար»։
Օրը հարուստ էր համերգային հարուստ ծրագրով, ելույթ ունեցան գյուղի մեծ ու փոքր շնորհալիները, Իջևանի ժողգործիքների համույթը, Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը, այլ գեղարվեստական խմբեր, իսկ դպրոցամերձ դաշտում իրենց արտադրանքն էին ներկայացրել սահմանամերձ գյուղերի արտադրողները։
Գրում է Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքը։