fbpx
Երևան

«Սանիթեքը»՝ քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծարելու վերաբերյալ

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել քաղաքապետարանի կողմից իր հետ կնքված պայմանագիրը միակողմանի լուծարելու առնչությամբ: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ գործընկերներ,

ս.թ. հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետը հանդիսավոր կերպով ազդարարեց Երևան քաղաքում աղբահանության օպերատորների հետ պայմանագրերի լուծման մասին և դրա վերաբերյալ պաշտոնական ծանուցումներն ուղարկեց օպերատորներին:

«Սանիթեք» ընկերության իրավաբանական թիմի կողմից ծանուցումների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ժամանակագրությամբ ներկայացված հիմքերը վկայում են մեկ բանի մասին` նախընտրական պահից սկսած մինչև պայմանագրի լուծման պահը քաղաքային իշխանությունների գերնպատակն է եղել բոլոր հնարավոր մեթոդներով վնասել օպերատորների գործունեությունը` այն հասցնելով իր տրամաբանական ավարտին` պայմանագրերի լուծմանը:

Հասարակությանը չծանրաբեռնելու նպատակով սույն հաղորդագրությամբ մենք չենք անդրադառնա իրավական խրթին հարցերին, փոխարենը կանդրադառնանք մի փաստի, որն այս իրավիճակում համարում ենք էական:

Ծանուցումների վերլուծությունը ցույց տվեց, որ Երևանի քաղաքապետարանն ըստ էության մինչ քաղաքապետի հայտարարությունը` ցանկացած պահի կարող էր միակողմանի լուծել պայմանագրերը, քանի որ ծանուցումներում նշված իրավական հիմքերը առկա էին վաղուց: Սակայն, այս պահին պայմանագիրը լուծելու համար անկյունաքարային հանգամանք է հանդիսացել այն, որ Երևանի քաղաքապետարանի տրամադրած տեղեկությունների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս եկել է մի եզրահանգման, որ Երևանի քաղաքապետարանի և օպերատորների միջև պայմանագրերի կնքմանը նախորդել են մի շարք խախտումներ: Ավելին, այս առիթով հարուցվել է քրեական գործ:

Ստացվում է մի իրավիճակ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցելու մասին իր հաղորդագրությամբ կոպտորեն խախտել է անմեղության կանխավարկածը և Երևանի քաղաքապետը, հիմք ընդունելով միայն քրեական գործ հարուցելու մասին փաստը, առաջնորդվել է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությամբ` որպես վերջին ատյանի դատավճիռ, հաստատելով անմեղության կանխավարկածի խախտման փաստը` լուծել է պայմանագրերը:

Հարկ ենք համարում նշել, որ «Սանիթեք» ընկերության դեմ ֆինանսական և տեխնիկական սանկցիաներին, բացի Երևանի քաղաքապետարանից, ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ ՊԵԿ-ից` վերջերս լծվեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` աննախադեպ կերպով հրապարակելով մեկ մասնավոր կազմակերպությունում 2018-2019թթ. մարդու իրավունքերի խախտման վերաբերյալ տեղի ունեցած «աղաղակող» խախտումների վերաբերյալ հատուկ զեկույց:

Իսկ այս ողջ ժամանակաշրջանում ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ ՊԵԿ-ը, անհիմն քրեական գործեր հարուցելուց բացի, զբաղված էին իրենց որոշումները դատական կարգով վիճարկելու հնարավորությունից «Սանիթեք» ընկերությանը զրկելու գործընթացով, միտումնավոր կերպով բազմաթիվ անգամներ չներկայանալով դատական նիստերին:

Այս հանգամանքը հիմք է տալիս հայտարարելու, որ դատական պաշտպանության միջոցները Հայաստանի Հանրապետությունում չեն գործում և պետությունը ի վիճակի չէ ապահովել արդար դատաքննության իրավունքի իրացումը օտարերկրյա ներդրողի կողմից:

Ամփոփելով նշվածը` Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության և գործին առնչվող մյուս մարմինների գործողությունները` «Սանիթեք» ընկերության կողմից գնահատվում են որպես խտրական և պատժիչ` նպատակ ունենալով օտարերկյա ներդրող համարվող ընկերությանը ենթարկել էքսպրոպրիացիայի` բռնագանձելով վերջինիս ակտիվները:

Ինչպես ընդունված է ասել Հայաստանում` ոչ մի բան պատահական չի լինում և ոչ մի լավ բան անպատիժ չի մնում:

Հարգանքով՝

«Սանիթեք» ընկերության տնօրինություն»

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ