Հասարակություն

Սարգսյանը հանդիպել է մշակույթի, մարզական ոլորտի ու ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են երկրի կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը, առանց որոնց հնարավոր չէ լուծել ծառացած խնդիրներն ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

«Դժվարին պահ է բոլորիս համար,-ասել է նախագահը: -Պետք է ճշմարտության աչքերի մեջ նայենք, վերլուծենք, թե ինչու ենք այստեղ հասել, որպեսզի կարողանանք ապրել այսօր, կարողանանք ապրել վաղը: Ես կարծում եմ՝ ցանկացած հայ իր մեջ մի փոթորիկ ապրեց, և այդ փոթորիկը շատերի մեջ դեռևս շարունակվում է: Եվ դա հասկանալի է: Կարևոր չէ, թե այդ մարդը որտեղ է ապրում՝ Արցախո՞ւմ, Հայաստանո՞ւմ, թե՞ Սոչիում, Մոսկվայո՞ւմ, Փարիզո՞ւմ, թե՞՝ Լոս Անջելեսում: Բոլորս հայ ենք և բոլորս էլ մեր հոգևոր, մտավոր և ազգային պորտալարով կապված ենք Հայրենիքի հետ: Եվ սա, իհարկե, ծանր փոթորիկ է»:

Նախագահը նշել է, որ 1994 թվականից հետո, երբ մենք իրապես հաղթանակ ունեինք, հիմա դժվարությունը կրկնակի է: «Բայց սա չի նշանակում, որ որևէ ձևով այդ զգացումները, որոնք բոլորիս սրտերում և հոգում են, պետք է վերածվեն վանդալիզմի, ծեծի և այդ դառնությունն իրար հանդեպ ուղղելուն,- ասել է նախագահ Սարգսյանը: -Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ մենք որպես հայեր ունենք ամենակարևոր արժեքներից մեկը՝ հայ կյանքը: Եվ մենք չենք կարող շռայլ լինել: Եղեռնի ժամանակ 1,5 միլիոն մարդ կորցրած ազգը չի կարող շռայլ լինել: Յուրաքանչյուր հայի կյանք, անկախ նրանից, թե այդ հայը որ կուսակցության է պատկանում, անկախ նրանից, թե այդ հայը լավն է, վատն է, ագահ է, առատաձեռն է, կին է, տղամարդ է, մեծ է, երեխա է, մեզ համար հսկայական արժեք է: Մենք աղքատ ենք մարդկային ռեսուրսներով: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր կողքին նստած հայի նկատմամբ վարվի ինչպես իր քրոջ և եղբոր հետ: Կառավարության շենքը և այդ շենքում գտնվող կահույքը, շենք, որը կառուցել է Թամանյանը, և կահույքը, որը գնվել է մեր հարկատուների փողերով, ի՞նչ մեղք ունեն: Նույնը վերաբերում է Ազգային ժողովի շենքին: Եթե ասելիք ունենք, կա խոսելու մարդկային ձև՝ հանդուրժելով, լսելով իրար»:

Հանրապետության նախագահը նշել է, որ եթե կան խնդիրներ, պահանջներ հասարակության փոքր կամ ստվար մասից, ապա մենք քաղաքակիրթ ժողովրդի նման պետք է բոլոր հարցերը քննարկենք և լուծենք: «Այսօր ունենք խնդիրներ, դժվարություններ, անհամաձայնություններ, և դրանք պետք է լուծել միայն և միայն օրենքի, օրինականության և պետականության սահմաններում,-ասել է երկրի նախագահը: -Որպես նախագահ՝ ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, որ մեր բոլոր քննարկումները պետք է լինեն օրենքի և օրինականության շրջանակում: Մենք ընտանիք ենք, և եթե ընտանիքում դժբախտություն կա, մեկը մյուսին մեղադրելն այս պահի խնդիրը չէ: Վերլուծե՞լ, թե ինչու այդպես եղավ: Իհարկե՛: Այդ վերլուծությունից հետո ճիշտ եզրակացություններ անե՞լ: Իհարկե՛: Եթե կարիք կա, ընտանիքում փոփոխություննե՞ր անել: Իհարկե՛: Բայց միայն քաղաքակիրթ ձևով: Անընդունելի է, եթե նույնիսկ համաձայն չես Ազգային ժողովի նախագահի հետ, վարվել նրա հետ այնպես, ինչպես վարվեցին»:

Միաժամանակ, նախագահը կարևորել է նաև իրավապահների գործունեությունը՝ նշելով. «Որևէ դեպքում որևէ ոստիկան կամ ծառայության աշխատակից առիթ չպետք է տա, որ ինքը կամ ծառայությունը քննադատվի: Ոչ մի դեպքում: Կայունությունն էական է»:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող՝ օրերս ստորագրված եռակողմ հայտարարության մասին հարցին, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր արդեն ռուսական խաղաղապահները տեղում են: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ ամեն բան վերջացած է: Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ո՛չ»: Հանրապետության նախագահն ասել է, որ առաջին քայլերից մեկը պետք է լինի այս ամենը վերադարձնել Մինսկի խմբի գործընթացին: «Սա Մինսկի գործընթաց չէ, սա եռակողմ փաստաթուղթ է, զինադադար է,-ասել է Հայաստանի նախագահը: -Շատ արագ պետք է ամեն բան անել՝ վերադառնալու Մինսկի գործընթացին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի համանախագահներով, որին տրված է մանդատ՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը:

Այս փաստաթուղթը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը: Հնարավորինս արագ պետք է վերականգնվի Մինսկի գործընթացը: Համապատասխան հայտարարություններ արդեն արվել են Ֆրանսիայի արտգործնախարարի և նախագահի գրասենյակից: Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Լավրովի հետ, ԱՄՆ-ից կան ազդակներ, և այս ամենը խոսում է այն մասին, որ գործընթացը վերադառնա Մինսկի խմբին:

Հարցի կարգավորման տեսլականը հետևյալն է՝ վերադառնալ Արցախի հարցի կարգավորման բանակցություններին: Բայց սա բավարար չէ: Որպեսզի այդ բանակցությունները հաջողության հասնեն, դրանց հետևում պետք է կանգնած լինեն ուժեղ և հզոր Արցախն ու Հայաստանը և հայ ժողովուրդը»:

Նախագահի խոսքով՝ ուժեղ դառնալու համար ռազմական առումով ճանապարհը ժամանակակից բանակ ունենալն է: «Ապագա պատերազմները լինելու են շատ ավելի բարդ և կոմպլեքս, էլեկտրոնային, ժամանակակից տեխնոլոգիաներով, զինվորները կրթված պետք է լինեն այդ տեխնոլոգիաները կիրառելու համար: Հետևաբար, մեր առջև խնդիր է դրվում կարճ՝ մի քանի տարվա ընթացքում Հայաստանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների երկիր,-ասել է նախագահը: -Դա նշանակում է, որ մեր կրթական համակարգից մինչև արդյունաբերություն ամեն ինչ պետք է ուղղված լինի ապագային: Մենք չենք կարող հետ մնալ: Ամեն անգամ հետ մնալուց հետո և՛ տնտեսության մեջ, և՛ ռազմական ոլորտում, և՛ բոլոր ոլորտներում հայտնաբերելու ենք, որ մի սերունդ հետ ենք, հետևաբար, չենք կարողանալու հաղթել: Հաղթանակը միայն ռազմի դաշտում չէ: Ո՞ր երկրներն են առաջատար դառնալու կամ առաջնագծում լինելու: Այն երկրները, որոնք ունենալու են ժամանակակից տեխնոլոգիաներ: Աշխարհն այդ ճանապարհով է գնում: Մենք պետք է այդ ճանապարհի առաջամարտիկները լինենք և՛ տնտեսության իմաստով, և՛ ապագայի: Մեր ճանապարհը հստակ է՝ պետք է ոտքի կանգնենք և կազմակերպվենք: Կազմակերպված ասելով նկատի ունեմ նաև ազգային և պետական կարգապահությունը:

Ժամանակը եկել է, որ գնահատական տանք, թե այսօր ինչպիսին են մեր բանակը, մեր տնտեսությունը, մեր գիտությունը, գնահատականներ տալուց հետո ունենանք հստակ տեսլական, ապա՝ դրանից բխող ծրագիր: Տեսլականը հստակ պետք է լինի, թե որտեղ ենք լինելու, օրինակ, 20 տարի հետո: Այս փոքր երկիրն ուրիշ ճանապարհ չունի: Եվ ինչպես ենք անելու, որ Սփյուռքի մեր եղբայրներն ու քույրերը Հայաստանի հետ ավելի կապվեն: Շատ շնորհակալ եմ բոլորին, նաև որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որ մոտ 200 մլն դոլարի նվիրատվություն է եղել: Սակայն կարծում եմ, որ մենք կարող ենք անել ավելին»: Նախագահն ընդգծել է, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցներն իսկապես կապված լինեն հայրենիքի հետ:

Ինչ վերաբերում է առաջ շարժվելու բանաձևին, ի պատասխան մասնակիցներից մեկի հարցի, նախագահը մասնավորապես ասել է. «Առաջ գնալու ճանապարհը շատ պարզ է: Սովորենք չստել ինքներս մեզ, ճշմարտության աչքերին նայենք, եթե 10 դրամ ունենք, ասենք՝ 10 դրամ ունենք, այլ ոչ թե ասենք՝ 1000 ունենք: Եթե այսօր տեսնում ենք, որ մեր բանակը ժամանակակից չէ, եկեք ասենք, որ մեր բանակը ժամանակակից չէ, ամեն ինչ պետք է անենք, որ 10 տարի հետո մեր բանակը լինի ցանկացած երկրի բանակից ավելի հզոր: Ոչ միայն մեր բանակն ենք կառուցելու, այլև՝ մեր տնտեսությունը: Մենք պետք է կառուցենք հզոր հայրենիք, և դրա բաղադրիչներից մեկը հետևյալն է՝ իրավունք չունենք իրար խաբել, ներկայացնել ցանկալին որպես իրականություն: Լինենք կարգապահ, հարգալից իրար հանդեպ: Կոչ եմ անում քաղաքական բոլոր ուժերին՝ հետևեք մեր ժողովրդի օրինակին: Ռազմի դաշտում զինվորները նայո՞ւմ են՝ ով որ կուսակցությունից է: Ո՛չ: Ռազմի դաշտում բոլորս մի բանի կողմնակից էինք՝ հայրենիքի, մեր ժողովրդի:

Ժամանակն է, որ կարողանանք կառավարել մեր զգացմունքները և օգտագործենք սառը տրամաբանությունը:

Մենք ուրիշ պարտականություն չունենք, բացի երկիրը հզոր դարձնելը, և ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը: Մենք տարբեր ենք, բայց բոլորս պատկանում ենք նույն ընտանիքին: Ունեցեք տարբեր կարծիք, տարբեր մոտեցում, վաղը ըստ ձեր խղճի և մտքի, գաղափարի ընտրություն կատարեք, բայց երբեք մի մոռացեք, որ նույն ազգի զավակներն եք:

Ցանկացած փոփոխություն և զարգացում կարող ենք անել երկրում, եթե պահենք մեզ քաղաքակիրթ, կարգապահ ու իրատես՝ առանց խաբելու:

Կոչ եմ անում լինել հանդուրժող, նույնիսկ ամենազգացական, դժվարին պայմաններում կարողանանք ճիշտ գնահատականներ տալ այսօր ու վաղը գնալ առաջ: Անթույլատրելի է, եթե տեսնենք ընդհարումներ: Բոլոր ինստիտուտները կան՝ ձեր ուրախությունն ու դժգոհությունը հայտնելու, քննարկումները կազմակերպելու, լսելու, բանավիճելու:

Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այն եռանդը, որ ունեցել ենք, պետք է կրկնապատկենք, որովհետև հսկայական դժվարություններ ունենք՝ պատերազմը և դրա հետևանքները, կորոնավիրուսը, տնտեսության ծանր վիճակը, երիտասարդների կորուստ և նրանցից յուրաքանչյուրի ընտանիքին անպայման աջակցություն: Մեզնից յուրաքանչյուրի, բայց, նախևառաջ, պետության պարտականությունն է, որ զոհվածի յուրաքանչյուր ընտանիք ուշադրության կենտրոնում լինի: Զոհվածների ընտանիքները, մեր վիրավոր տղաները պետք է լինեն պետության անմիջական ուշադրության կենտրոնում»: Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև բուժաշխատողներին՝ նշելով, որ այս օրերին մեր բժշկական համակարգը իսկապես հերոսական աշխատանք է կատարում:

Նախագահ Արմեն Սարգսյանը խաղաղություն է մաղթել ժողովրդին և բոլոր ընտանիքներին: «Մենք մեծաթիվ վերքեր ունենք, որ պետք է դարմանենք»-ասել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ