«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թիմի ֆուտբոլիստ Էդեն Ազարի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Էդենը 28 տարեկան է: Եվ եթե ցանկանում է գնալ, կարծում եմ՝ պետք է գնա: Իհարկե, ես հույս ունեմ, որ հակառակը կլինի, և նա կցանկանա մնալ:
Ազարը մեծ պոտենցիալ ունի՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը դառնալու»,- ասել է Սարին:
Բելգիացին այս մրցաշրջանում 10 գոլ է խփել ու կատարել 10 գոլային փոխանցում՝ հաճախ խաղալով «կեղծ 9 համարի» դիրքում: Սակայն, Գոնսալո Իգուայինի ժամանումից հետո նրա խաղային դիրքը կփոխվի:
«Իմ աշխատանքն է նրա մարզավիճակը լավացնելն ու օգտագործելն այն դիրքում, որտեղ լավագույնս հանդես կգա»,- ավելացրել է «թոշակառուների» գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ 28-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», մինչդեռ լոնդոնյան ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ: Իսկ Ազարը նախորդ տարվա հոկտեմբերին անձամբ նշել է, որ երազում է խաղալ ՉԼ-ի գործող չեմպիոնների կազմում:
Հաղորդում է armsport.am-ը։