Խորհրդարան

Իշխան Սաղաթելյանը Անն Լույոյի հետ խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցի մասին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ-ն։

«Ողջունելով հյուրերին` Իշխան Սաղաթելյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները: «Ֆրանսիան Եվրոպայում Հայաստանի ամենակարևոր և բարեկամ երկրներից է: Մենք մշտապես տեսել ենք Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, և շահագրգռված ենք զարգացնելու երկկողմ հարաբերությունները»-, ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակն ու խնդիրները` նշելով , որ թե’ Հայաստանը, թե’ Արցախն այս պահին լրջագույն անվտանգության խնդիրներ ունեն: Հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը, ագրեսիան և Արցախի հայաթափմանն ուղղված քաղաքականությունը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը դեռևս նախորդ տարի երկու ուղղությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և շարունակում են մնալ այնտեղ:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին և դրա շուրջ ընթացող գործընթացներին` Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ օրեր առաջ Արցախում ադրբեջանական կողմից պայթեցրել են գազատարը` շուրջ 100 հազար արցախցիներին կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ: Սրան գումարվում են նաև բնակիչներին ուղղված տարատեսակ սպառնալիքները` լքելու գյուղերը:

«Մեծապես կարևորում ենք միջազգային հանրության արձագանքն ու հստակ գնահատականը կատարվողին: Արցախի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- շեշտել է ԱԺ փոխնախագահը` հավելելով, որ այս ձևաչափը պետք է կարողանալ պահպանել` հակառակ Ադրբեջանի ցանկության: «Մեր դիրքորոշումն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը:

Դեսպանը հետաքրքրվել է իշխանությունների հետ ընդդիմության հարաբերություններով, ընդդիմության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու չառաջադրելու, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցերով, հայ-թուրքական հարբերություններով և այլն: Իր հերթին դեսպան Անն Լույոն ընդգծել է հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները, կարևորել խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումները: Դեսպանը հայտնել է, որ Ֆրանսիան ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին` Անն Լույոն հավաստիացրել է, որ Ֆրանսիան իր դիրքորոշումները պահպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որպեսզի կարողանա օգնել երկու կողմերին` հաստատելու խաղաղություն և կայունություն տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ