fbpx
Քաղաքականություն

Վարչապետը հայտարարել է, որ ՍԴ դատավորները նաև Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել

«Էդ բոլոր մարդիկ հավասարապես պատասխանատու են Հայաստանում տեղի ունեցած բոլոր դժբախտությունների, կոռուպցիայի, ընտրակեղծիքների, ապօրինությունների, բեսպրիդելի համար, որովհետև այդ ՍԴ 7 անդամները իշխանության կամակատար են եղել իրենց գործունեության ողջ ընթացքում՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կամակատարն են եղել, 1996 թվականին, այո, նաև առաջին նախագահի՝ Տեր- Պետրոսյանի կամակատարն են եղել: Նրանք երբեք ինքնուրույն դատավորի առաքելություն չեն ունեցել, երբեք արժանի չեն եղել ՀՀ պետական դրոշի տակ ելույթ ունենալու»-, Քաջարանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Այս հայտարարությունը հետևել էր այն մտքին, որ ՍԴ խնդիրը միայն Հրայր Թովմասյանով չի սահմանափակվում, և որպես հիմնավորում՝ նշեց «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը ՍԴ-ում կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ.

«Էդ միջնորդությունը հետևյալի մասին էր, որ քանի որ ՍԴ-ում գործ է քննվում Մարտի 1-ի վերաբերյալ, և հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանը նախկինում բազմիցս Մարտի 1-ի հետ կապված դիրքորոշումներ է հայտնել, հաշվի առնելով, որ Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում իշխանության եկածների առաջարկով է ընտրվել ՍԴ նախագահ, որ անկախ դատական համակարգի էությունը ենթադրում է, որ անձը չպետք է մասնակցի իր հետ առնչվող թեմայի քննարկմանը, Հրայր Թովմասյանը ենթարկվի կարգապահական պատասխանատվության…Սահմանադրական դատարանը որոշեց, որ ԱԺ-ն իրավունք ունի կարգապահական վարույթ հարուցի, բայց դա կարող է արվել այն դեպքում, երբ ՍԴ-ն նման վարույթ հարուցի, արձանգրի խախտումը: Սրանով ՍԴ-ն Ազգային ժողովին զրկեց այն լիազորությունից, որը օրենքներով ամրագրված է»,- նկատեց Փաշինյանը:

Այնուհետև նա անդրադարձավ լրագրողական հետաքննությանը, որով պարզ էր դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, Հրայր Թովմասյանի սանիկը առանց արձանագրվելու ազատ ելումուտ էր անում ՍԴ-ում.

«Ոստիկանները բացատրություն են տվել և ասել են, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը ասել է, որ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք: Ստացվում է, որ ՍԴ նախագահը շփվել է գործով շահառուի հետ և այնպես է արել, որ էդ շփումը պետք է դե յուրե չարձանագրվի: Ի՞նչ պետք է լիներ նման պարագայում: ՍԴ-ն պետք է կարգապահական վարույթ հարուցեր, տեսներ՝ որեւէ խնդիր այստեղ կա՞, թե ոչ: Բայց ՍԴ-ն որևէ ռեակցիա այս իրավիճակին նույնպես չտվեց: Հետևաբար սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը ըստ էության հրաժարվում է կատարել իր գործառույթները, իշխանության ուրիշ ճյուղերին զրկում է համանման գործառույթներից, իրենց շուրջ պարիսպ են կառուցել, ասում են՝ մենք ՀՀ-ում բարձրագույն ատյան ենք, մեր ասածը ոչ ոք չի կարող քննարկել, ոչ ոք բան չի կարող ասել, չնայած այն փաստին, որ մեր ներկայությունը այստեղ հակասում է այն Սահմանադրական դատարանի նկարագրությանը, որ առկա է Սահմանադրության մեջ»,- ասաց վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ