fbpx
Կառավարություն

ՍԴ նախագահը ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ․ Նիկոլ Փաշինյան

Գրիչն այն սիմվոլն է, որը ցույց է տալիս, որ մենք կարող էինք ՍԴ-ն առնել կոնտրոլի տակ: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված խնդրին:

«Այսօր ՀՀԿ-ի նախկին իշխանության անդամները երկրից երկիր են գնում, միջազգային կազմակերպությունից միջազգային կազմակերպություն՝ արձանագրելու համար, որ ՀՀ իշխանությունները հետապնդման են ենթարկում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին և անձնական հաշվեհարդար են փորձում տեսնել նրա հետ:

Փորձ է արվում այս պնդումների միջոցով վնասել Հայաստանի ժողովրդավարական, իրավական պետություն լինելու իմիջը: Սա շատ կարևոր առանձնահատկություն է, որը գիտեք, շատ մեծ չափով աճում է ամբողջ աշխարհում:

Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը. եկեք հետ գնանք 2018-ի մայիս: Այդ ժամանակ հեղափոխություն էր տեղի ունեցել, բայց ինչպես հիշում եք, ՀՀ նոր կառավարությունը Հրայր Թովմասյանի հրաժարականը ՍԴ նախագահի պաշտոնից չպահանջեց, ոչ թե այն պատճառով, որ սիրում էր կամ չէր սիրում Հրայր Թովմասյանին, այլ որովհետև մենք որոշել էինք, որ հարցերին պետք է մոտենանք ինստիտուցիոնալ իրավական կտրվածքով: Որ եթե կա որևէ պաշտոնյա, որ շատ թե քիչ օրինական ընտրվել է այդ կարգավիճակում, ուրեմն մենք պետք է ոչ թե անձնական ճաշակով առաջնորդվենք, այլ պետական տրամաբանությամբ: Բանը հասավ այնտեղ, որ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը 2018-ի հուլիսին ասաց, որ չի կարծում, որ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա ՍԴ նախագահի պաշտոնից: Մենք բոլորս քննադատվեցինք դրա համար, բայց մենք ասացինք, որ մեր մոտեցումը պետք է ինստիտուցիոնալ լինի»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այդ ժամանակ կար իրավաբանների և մարդկանց խումբ, որոնք 1-2 անգամ իրեն դիմել էին և ասել, որ իրականում Հրայր Թովմասյանի գտնվելը ՍԴ նախագահի պաշտոնում ապօրինի է սահմանադրական տրամաբանությամբ, բայց, Նիկոլ Փաշինյանի խոսքով, կա նաև ուրիշ հանգամանք, որ նրանք ունեն տեղեկատվություն և նրանց վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ կոմբինացիան հնարավոր չէր լինի իրականացնել։

«Եթե անկեղծ ասեմ, այս տեղեկատվությունը նախնական ինձ հետաքրքիր թվաց, բայց ես չհանձնարարեցի դրանով զբաղվել, որովհետև դա 2018-ի հունիս-հուլիս ամիսներն էին: Պատկերացրեք, երկիրը երկու ամիս կառավարություն չէր ունեցել, հեղափոխություն էր եղել և ինչ օրակարգ էր հայտնվել իմ սեղանին՝ սկսած օպերատիվ կառավարումից մինչև ամենատարբեր հարցեր: Հետո երբ առիթ ունեցա ավելի մանրամասն լսելու այդ մարդկանց փաստարկները, ավելի մանրամասն տեղեկացա, թե ինչի մասին է խոսքը, ինձ համար նույնիսկ չկար ընտրություն՝ դրանով պետք է զբաղվեմ, թե ոչ»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ այդ ընթացքում ՍԴ անդամներից որևէ մեկի հետ այդ ընթացքում որևէ խնդիր չեն ունեցել. «Չի եղել մի դրվագ, որ ինչ-որ որոշում լինի, որի հետ կապված խնդիր ունենանք: Այսինքն նորմալ հարաբերություններ են եղել:

Բայց կար փաստ, որը ստուգման կարիք ունի. բնականաբար, ես տալիս եմ հանձնարարական՝ պարզել, թե սա ինչ է:

Այդ ընթացքում ես ստանում եմ հետ ազդակներ, որ այ, եթե այս հարցերով զբաղվենք, սկզբունքային գտնվենք, լարվածություն կառաջանա, խնդիրներ կունենանք, մանավանդ այս շրջանում: Եթե չկա որևէ պրոբլեմ, ինչի՞ ենք անիմաստ բզբզում, որովհետև ՍԴ-ն նորմալ աշխատում է, ՍԴ նախագահն էլ լոյալություն է ցուցաբերում:

Այս հարցը, այո, դրված է եղել իմ սեղանին, բայց ես հաշվի առնելով իմ անցած ճանապարհը, ասել եմ և ինքս իմ առաջ խոստացել եմ, որ անսկզբունք կոմպրոմիսների, անսկզբունք խաղերի չեմ գնալու:

Այս խոսակցությունը երկու ամիս գնացել է, որ այ Հրայր Թովմասյանը պատրաստ է համագործակցության, ասում է՝ ես եմ գրել այս Սահմանադրությունը, ի՞նչ կարիք կա այս ամենի մեջ մտնելու, մենք նորմալ աշխատում ենք և այլն: Բայց էլի ինձ համար չի եղել հարց, որ ես պետք է ինչ-որ իրավիճակ օգտագործեմ նեղ, կուլիսային պայմանավորվածությունների համար»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այդ ժամանակ էր, որ ի հայտ եկավ նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը և թեման, որ ՍԴ նախագահի կարգավիճակը օկուպացված է, դարձավ հանրամատչելի:

«Այդ նամակի վրա սկսեցին գալ ամենատարբեր ինֆորմացիաներ: Այն ժամանակ, երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը ոչ մի կրեպ չի համաձայնվում իր կողմից արած կեղծիքները կոծկելուն, այդ ժամանակից սկսած ՍԴ նախագահը սկսեց քաղաքական դաշտում որոշակի իր համար պաշտպանություններ փնտրել:

Ըստ էության, այս պրոցեսն իր կուլմինացիային հասավ ապրիլ-մայիս-հունիս ժամանակաշրջանում: Տարբեր տեղերում մարդիկ սկսեցին իրենց համար պաշտպանություններ փնտրել և, ըստ էության, այդ պաշտպանությունները ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ:

Արդյունքում հարուցվեցին քրեական գործեր, տեղի ունեցավ ամենամեծ ու կարևոր բացահայտումները: Փաստացի, ապացուցված, անառարկելի փաստ գոյություն ունի, որ ՍԴ նախագահի ընտրությունը ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքի միջոցով, դա կեղծ ընտրություն է եղել: Եղել է երկու տրամաբանություն. այդ փաստն օգտագործել և ՍԴ նախագահին և նրա միջոցով նաև ամբողջ ՍԴ-ն առնել վերահսկողության տա՞կ, թե՞ գտնվել սկզբունքային և գնալ իրավական ճշգրիտ գնահատականների ու լուծումների ճանապարհով:

Էս գրիչը, որը շատ փոքր դետալ է թվում, իրականում այդ ամեն ինչի սիմվոլն է, այն բանի սիմվոլն է, որ մենք կարող էինք անել այնպիսի քայլեր, որ ՍԴ նախագահը լիներ այնպիսին, ինչպիսին եղել է ՍԴ նախագահն իր ստեղծման առաջին օրից: Այս առումով է կարևոր այս դետալը:

Բայց ես ուզում եմ ասել, որ ես գնացել եմ ուրիշ ճանապարհով, որովհետև հասկացել եմ, որ չի կարելի սիրո և համերաշխության հեղափոխությամբ հասնել իշխանության և խնդիր դնել ունենալ խամաճիկային ՍԴ: Երբ ՍԴ նախագահը տեսել է, որ դա մեզ պետք չի, դարձել է ընդդիմություն: ՍԴ նախագահը դարձել է քաղաքական ընդդիմություն և ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ: Դեռ պետք է հետաքննվի, որ եթե այդքան գնացել-եկել են տարբեր տեղեր, ինչ նպատակով են գնացել, ում հետ են հանդիպել, որովհետև կարող է պարզվի, որ դա ՀՀ ազգային անվտանգության շահերի հետ կապված խնդիր է»,-ընդգծեց Փաշինյանը:

«Այսինքն եթե մենք ինֆորմացիա ենք ստանում, որ կոռուպցիոն գործ կա, պետք է ասենք՝ վայ, եկեք նենց անենք, որ այդ կոռուպցիոն գործն օգտագործենք որպես կոմպրոմատ մարդկանց կոնտրոլի տակ պահելու համա՞ր, թե՞ սկզբունքային գտնվենք և գնանք այդ ճանապարհով: Սա է ամբողջ ճշմարտությունը, որ այն ժամանակ, երբ որևէ լեգիտիմ հարց չենք ունեցել, ասել ենք, որ ՍԴ նախագահի հեռանալու հարց չենք դնում: Մենք հո չէինք նստելու մարդկանց վրա պլուս դնենք, մինուս դնենք, ու ճիշտ ենք արել: իսկ երբ տեսել ենք, որ կա ենթադրյալ հանցագործության վերաբերյալ կասկած, մենք սկզբունքային գնացել ենք առաջ:

Փաշինյանը պնդեց, որ մինչև այս խնդրի արծարծումը ՍԴ-ն իր որևէ քայլով վնաս չի տվել պետությանը. «Բայց երբ հասկացել են, որ մենք սկզբունքային ենք լինելու, սկսել են գործել իշխանությունների դեմ, սկսել են քաղաքական բնույթի հայտարարություններ անել: Երբ կոռուպցիոն բնույթի գործեր են բացահայտվել, սկսել են պաշտպանվել»,-ասաց նա:

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ